ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը 30 րոպե ժամանակ ունի, որպեսզի հանդիպի նախարարության շենքի դիմաց հավաքված ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներին։ Այս պահին լարված իրավիճակ է նախարարության շենքի դիմաց։ Ցուցարարների և ոստիկանների միջև քաշքշուկ է առաջացել: Ցուցարարները փորձում են մտնել շենք, սակայն մեծ թվով ոստիկաններ փորձում են խոչընդոտել նրանց գործողությունները։
«Կես ժամ ժամանակ կտանք նախարարին իջնելու և իր ժողովրդի հետ հանդիպելու, նախարարությունը պետք է կողմնորոշվի պատրաստ է քննարկումների, թե ոչ։ Եթե պատրաստ են, թող գան և անկեղծորեն ասեն, որ մեզ հետ այդ հարցերը չեն քննարկելու։ Ի՞նչն է խանգարում Արայիկ Հարությունյանին հանդիպել իր ժողովրդի հետ, որը մտահոգություններ ունի։ Հուսով ենք, որ հանդիպումը տեղի կունենա»,- ասում են ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները:
Հիշեցնենք, որ շաբաթներ շարունակ ՀՅԴ ՀԵՄ անդամները նստացույց էին անում ԿԳՄՍ նախարարության դիմաց։ Նրանք պահանջում էին նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Պատճառն այն էր, որ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2,700,000 դրամ, «Մել» ֆիլմի համար 20 մլն դրամ, իսկ նոր օրինագիծով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։