Վերջին ժամանակներում պարգևավճարների հետ կապված թեմաները չեն հնանում, ավելին՝ դրանց առնչվող նոր մանրամասներ են առաջ գալիս: 1,9 մլն դոլար պարգևավճարներ ԱԺ աշխատակիցների համար, նախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացում, հիմա էլ քաղաքապետարանի աշխատակիցների պարգևավճարները:
Օրերս՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր Երևանի քաղաքապետարանի պարգևավճարների ցանկ, որի համաձայն՝ հատկացվել է մոտ 5 մլն դրամ:
Մամիջանյանի այս գրառմանն անդրադարձել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ իր ֆեյսբուքյան գրառմամբ, որտեղ, մասնավորապես, գրել է. «Քաղաքապետի նոյեմբերի 27-ի կարգադրությամբ պարգևատրվել են այն պաշտոնյաները, որոնք, սեփական դիմումով ցանկություն են հայտնել եռամսյակային պարգևավճարները ստանալ ամեն ամիս, այսինքն՝ բաժանել եռամսյակը՝ ամիսների: Ասում են՝ գաղտնի պարգևատրում է, որովհետև քաղաքապետարանի կայքում փաստաթուղթը չի հրապարակվել։ Այս պնդման դատարկությունն ապացուցելը մի րոպե է տևում, քանի որ Երևանում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքը քաղաքապետի կարգադրությունները հրապարակելու համար յոթնօրյա ժամկետ է սահմանում, որը, նոյեմբերի 27-ից հաշված, լրանում է դեկտեմբերի 4-ին։ Ու փաստաթուղթը կհրապարակենք հենց էդ օրը»։
Պարգևավճարների հետ կապված թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանի հետ:
«Ես դեմ չեմ, ավելին՝ շատ կողմ եմ, որ պետական և համայնքային ծառայողը ստանա պատշաճ վարձատրություն: Նույնը վերաբերում է նաև պարգևավաճարներին: Սակայն դրանք պետք է իրականացվեն լուրջ թափանցիկությամբ և նույն հոխորտալու սովորությամբ, որով վարչապետը իրականացնում է մնացած ռեֆորմները: Օրինակ՝ ինչո՞ւ վարչապետը գրառում չի անում, որ այսօրվանից նախարարները սկսեցին կրկնակի աշխատավարձ ստանալ: Փոխարենը, Փաշինյանի աննշան ձեռքբերումները, որոնք հաճախ պայմանավորված են նախկինում ՀՀԿ-ի կատարած աշխատանքներով, ներկայացվում են, գումարներ վատնում պետբյուջեից՝ դրանք հանրային դարձնելու համար»:
Նրա խոսքով՝ իր հարցին ի պատասխան՝ քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եռամսյակային պարգևավճարը, ստացողների դիմումների հիման վրա՝ բաժանվում են ամսական պարգևավճարների»:
Մամիջանյանի տեղեկությամբ՝ սա բացարձակ սուտ է. «Նման դիմումներ չկան, բայց դրանք կարող են ավելացնել: Եռամսյակային պարգևատրումը տրվում է տվյալ եռամսյակում լավ աշխատելու համար: Ի՞նչ է նշանակում՝ դիմում գրել, որ՝ խնդրում եմ, երբ որ ես լավ աշխատեմ այս եռամսյակում, ապա այս ամսվանից սկսած՝ ամեն ամիս տվեք իմ պարգևավճարը: Հնարավո՞ր է այդ մարդը եռամսյակի վերջում խիստ նկատողություն ստանա, ի՞նչ է, հե՞տ եք գանձելու նախորդ ամիսների պարգևավճարները»: