Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը դեկտեմբերի 10-30-ը արձակուրդում է լինելու, իսկ դատական հաջորդ նիստը նշանակվել է հունվարի 9-ին: Դատական նիստի հետաձգումը միանշանակ չընդունվեց, բանն այն է, որ Դանիբեկյանի վարույթում է գտնվում Ռոբերտ Քոչարյանի դատը և նրա արձակուրդ գնալով դատական պրոցեսները հապաղում են:

Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանի հետ: 

«Ցանկացած մարդ՝ առավել ևս դատավորի պաշտոնը զբաղեցնող անձը, պետք է գիտակցի իր պաշտոնից բխող ահռելի պատասխանատվությունը: Մեզանից յուրաքանչյուրն ունի արձակուրդի իրավունք, ոչ ոք չի վիճում: Բայց մյուս կողմից, երբ մենք ունենք որոշակի պարտականություններ, օրինակ՝ քրեական գործի շրջանակում կալանավորված անձ, գործից բխող պատասխանատվություն, գործի բարդություն  և այլն, առնվազն, պետք է ընդհանուր կարգից բացառություն իրենից ենթադրի: Միայն կալանավորման փաստն էլ բավական է, որ այդպես դիտարկվի»,- նշեց Վարդևանյանը: 

Փաստաբանը շեշտեց, որ դատավորը կարող էր արձակուրդի գնալ դեկտեմբերի վերջից, այլ ոչ թե 10-ից. «Անընդհատ խոսում են նիստերի տևողության, նիստերի հաճախականության մասին: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ այս ժամանակահատվածում նիստերը շաբաթը մեկ են եղել: Նիստերը չեն սկսվում առավոտյան ժամերից, այլ՝ կեսօրից»: 

 

Վարդևանյանի խոսքով՝ եղել են միջնորդություներ, որը դատավորը պարտավոր է անհապաղ քննել. «Այս պարագայում մենք ունենք մի իրավիճակ, երբ գերակա արժեք է արձակուրդի իրավունքը, իսկ մյուս նժարին դրված՝ արդար դատաքննության, անձի ազատության իրավունքները ստորադասվում են դրան: Սա հերթական խախտումներից մեկն է»:

Հետագա քայլերի մասին փաստաբանը դժվարացավ պատասխանել՝ մասնավորապես նշելով, որ իրենց խմբով կքննարկեն հետագա անելիքները: