Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի Ս. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցում լարված իրավիճակ է։ Մանկավարժ Վանուհի Տիգրանյանը ասում է, թե դպրոցում «Պատմություն» առարկայից ուսուցչի թափուր տեղի համար անցկացված մրցույթում ինքն է հաղթել, սակայն տնօրենը խախտումներով է անցկացրել մրցույթը։ Իսկ տնօրենը՝ Լուսիկ Համբարձումյանը, հակառակն է պնդում՝ վստահեցնելով, որ ամեն բան եղել է օրինական, ինչը փաստում է տեսանյութը, որը տեսաձայնագրել է մրցույթի անցկացման ամբողջ ընթացքը։

«Մրցույթի 2-րդ՝ բանավոր փուլում միայն ես էի մնացել, գրավոր փուլում իմ մրցակիցը չէր անցել։ Բայց ինձ ասացին, որ չեմ համապատասխանում չափանիշներին, այդիսկ պատճառով նոր մասնագետ չընտրեցին։ Գրավոր փուլում տնօրենի նախընտրած մասնակիցը չանցավ, մնացել էի միայն ես, ինձ էլ չընտրեցին։ Հանձնաժողովը ինձ տվել է 1 կողմ, 4 դեմ ձայն, որտեղ ակնհայտ երևում է կողմնապահությունը»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց մանկավարժ Վանուհի Տիգրանյանը՝ չցանկանալով ավելին ասել, մինչև համապատասխան մարմինները կարձագանքեն։

Ուսուցչուհին միայն ընդգծեց, որ տնօրենի կողմից իր դեմ անձնական լարվածություն երբեք չի նկատել և խնդիրն իրենց միջև առաջացել է մրցույթի պատճառով։

Մեզ հետ զրույցում Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի Ս. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցի 3 տարվա տնօրեն Լուսիկ Համբարձումյանն էլ նշեց՝ իր անձի դեմ ուղղված քայլեր են իրականացվում, քանի որ ընտրություններն անցկացվել են օրինական ձևով. «Մարզպետարանից ինձ կանչեցին մարզպետ Դավիթ Գևորգյանի մոտ բողոք-նամակի պարզաբանման նպատակով: Գնացի, մարզպետի աշխատասենյակում էր նաև համայնքի ղեկավարը: Նրանք թույլ չէին տալիս որևէ բառ արտաբերել, միայն արհամարհական տոնով էին խոսում ինձ հետ։ Հետո մարզպետն անցավ մրցույթին՝ անտեսելով մանկավարժի սխալ կամ ոչ լիարժեք պատասխանը և հանձնաժողովի անդամների քվեները, ինձ մեղադրեց նրան չանցկացնելու մեջ։ Ինձ ասաց ազատման դիմում գրեմ, ինչից հրաժարվեցի և հեռացա մարզպետի աշխատասենյակից: Հաջորդ առավոտվանից ինձ կրկին զանգահարեցին մարզպետարանից և ասացին, որ գնամ, ազատման դիմում գրեմ, սակայն ես նորից հրաժարվեցի։ Ասեմ, որ մարզպետի մոտ մտնելիս էլ՝ քարտուղարուհին թույլ չտվեց պայուսակս ներս մտցնել՝ մտավախություն ուներ, որ հնարավոր է ձայնագրեմ մեր խոսակցությունը։ Այս հարցով դիմում եմ գրել վարչապետ պարոն Փաշինյանին, որպեսզի չոտնահարեն իմ՝ 40 տարվա մանկավարժի արժանապատվությունը և վերջապես մարզպետն ու համայնքի ղեկավարը հասկանան՝ իրենք չեն գյուղացու, առավել ևս գյուղական դպրոցի տերը»,- նշեց նա։