ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորների վաղաժամ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքին, հայտարարել էր, որ այս նախագծով իրենք ձեռք են մեկնում ՍԴ դատավորներին: Այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հույս հայտնեց, որ իշխանության մեկնած ձեռքը դատավորները չեն սեղմի:
«Երբ մենք դատավորների քանակի ավելացման հարց ենք բարձրացրել, իշխանությունից հայտարարել են, որ բյուջեում գումար չկա և սպասում են, որ ինչ-որ տեղից բարեգործ մարդիկ գումարներ տան: Մինչդեռ մեր ունեցած գումարը մենք անխնա բաժանում ենք, ինչ է թե մեկ դատավոր գնա թոշակի։ Սա որևէ կերպ տրամաբանական չէ: Ես այստեղ բարոյական առումով խնդիր եմ տեսնում, որովհետև դատավորները բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող անձինք են: Դատավորին ասում են' քանի որ լավը չեք, մենք ձեզ չենք հավանում, եկեք փող տանք, դուք գնացեք: Ստացվում է այնպես, որ դատավորներն, ըստ էության, վաճառում են իրենց մասնագիտական բարոյականությունը փողի դիմաց: Ես հույս ունեմ, որ ոչ մի դատավոր այս մեկնած ձեռքը չի սեղմի։ Մեր իշխանությունը կարճ մտածելակերպ է որդեգրել, որովհետև երկար մտածող իշխանությունը չէր ձգտի իր իշխանության տակ պահել մյուս երեք իշխանությունները, այդ թվում նաև չորրորդ իշխանությունը»,-ասաց Սիմոնյանը:
Նա նշեց, որ գործող իշխանությունը ցանկանում է նախագահ ունենալ ամեն տեղ, և այդ ցանկությունը ոչ մի կերպ չի էլ թաքցնում: «Եկած հեղափոխական ուժերը, փորձում են անել նույն բանը, ինչ՝ նախորդները: Դա կարող է հղի լինել շատ վատ հետևանքներով, այստեղ հեռատեսություն է պետք, որ երկրի շահը գերակա համարվի կուսակցական նեղ շահերից»,-ասաց Սիմոնյանը:
Անդրադառնալով ՍԴ դատավորների վաղաժամ կենսաթոշակային համակարգի ներդրման արդեն իսկ ընդունված օրենքին' պատգամավորն ասաց, որ ահմանադրական դատարանի նախագահ փոխելով՝ իշխանությունը չի կարող վերահսկողություն հաստատել ՍԴ-ի վրա, քանի որ դա կոլեգիալ մարմին է: «Կան խնդիրներ ամբողջ դատական համակարգում, այդ թվում՝ Սահմանադրական դատարանում նրանց աշխատանքի անարդյունավետության առումով, բայց դա անվանել ճգնաժամ չի կարելի: Մենք ինստիտուցիոնալ լուծումները տեսնում ենք Սահմանադրական փոփոխությունների ճանապարհով, ոչ թե հարկադիրի հաշվին թոշակի ուղարկելով, այն էլ մարդկանց, որ այդ թոշակը չեն վաստակել»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները նորից առաջ քաշեցին Սահմանադրական հանրաքվե անցկացնելու գաղափարը: Պնդեցին, որ հանրաքվեով միայն վերջապես կհաստատվի այնպիսի Սահմանադրություն, որը կլինի լեգիտիմ և ամբողջությամբ կարտահայտի ժողովրդի կամքը: «2015 թ-ի Սահմանադրական փոփոխությունները չեն արտահայտում ժողովրդի կամքը և լեգիտիմ չեն: Այս մասին բազմիցս խոսել են հենց մեր գործող իշխանության ներկայացուցիչները, իսկ հիմա իրենք են ամրագրում այդ Սահմանադրությունը: Ժողովրդի կամքը, սիրելի գործընկերներ, ձեր շուրթերով չի արտահայտվում, ժողովրդի կամքը հանրաքվեով է արտահայտվում: Հանրաքվե արեք, ձևավորեք լեգիտիմ Սահմանադրություն և այդ Սահմանադրությանը համահունչ փոխեք և Սահմանադրական դատարանը, և Վճռաբեկը: Թե չէ այս ճանապարհները ձեզ տանում են ձախողման»: