Այսօր ՀՀ  կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էր իրականացնում քաղաքացի Մայրանուշ Երանոսյանը, ով իր բողոքն էր արտահայտում որդու՝ Հակոբ Երանոսյանի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ: Մայրը նաև նշում էր, որ որդին ամիսներ շարունակ անգիտակից վիճակում գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում և պատկան մարմիններից որևէ մեկը չի հետաքրքրվում նրանով։ ԼՈՒՐԵՐ․com-ը Հակոբ Երանոսյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկացավ հիվանդանոցից․ «Հակոբ Երանոսյանը բժշկական կենտրոն տեղափոխվել է գրեթե 8 ամիս առաջ ծանր գանգուղեղային վնասվածքով, ամիսներ շարունակ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Այն ժամանակ նրան վիրահատել են, սակայն շարունակում է մնալ ծանր, անգիտակից վիճակում, ոչինչ չի զգում։ Հարազատներն իրավունք ունեն որոշակի ժամերի այցելել, նստել կողքին»,- ասաց «Էրեբունի» ԲԿ-ի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը՝ նշելով, որ ամեն հնարավոր բան արվում է երիտասարդին օգնելու համար։ 

Մեզ հետ զրույցում Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Հակոբ Երանոսյանի հետ կապված դեպքը տեղի է ունեցել այս տարվա ապրիլ ամսին․ «2019թ. ապրիլի 22-ին ժամը 02:00-ի սահմաններում Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 43 հասցեի դիմաց ավտովարորդ Սամվել Հովհաննիսյանն իրեն վստահված «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի մասից, ընդհարվել է մայթեզրի եզրաքարերին, այնուհետև շինության պատին, որի հետևանքով ուղևոր Հակոբ Երանոսյանին անզգուշությամբ պատճառվել է մարմնական վնասվածքներ, ով տեղափոխվել է Երևանում գործող բժշկական կենտրոններից մեկը»,- նշեցին Քննչական կոմիտեից:

 

Այստեղից փոխանցեցեին նաև, որ մայիսի 29-ին Սամվել Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով և նույն օրը որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

«Նախաքննության ընթացքում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Հակոբ Երանոսյանը մարմնական վնասվածքներն ստացել է 2019թ. ապրիլի 22-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 43 հասցեի դիմաց տեղի ունեցած ինքնավթարի հետևանքով»,- ասացին Քննչական կոմիտեից:

Տեսանյութը՝ 24TV