Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի կողմից ղեկավարվող «Պահպանողական» կուսակցությունը 2020 թ․ կայանալիք Արցախի խորհրդարանական ընտրություններին միանշանակ մասնակցելու է։ Այդ մասին 24News-ին հայտնեց Դավիթ Բաբայանը։
«Ցանկացած կուսակցություն պետք է մասնակցի երկրի քաղաքական գործընթացներին և պետականաշինությանը, իսկ դրա միակ ճանապարհը կամ կարևոր ձևերից մեկը մասնակցությունն է ընտրություններին»,-ասաց նա։
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ստեղծման 1 տարին դեռ չբոլորած կուսակցության նկատմամբ հանրության վերաբերմունքը, ունի՞ բավարար աջակցություն, Դավիթ Բաբայանը պատասխանեց․
«Ցանկացած քաղաքական ուժ, որը նպատակ ունի մասնակցելու ընտրություններին, պետք է պատրաստ լինի առերեսվելու դժվարությունների ու մարտահրավերների։ Այո՛, երիտասարդ ուժ ենք, բայց ամեն մի ուժ յուրովի է հանրությանը ճանաչելի դառնում։ Մեր պարագայում, թեև երիտասարդ ուժ ենք, բայց արդեն ունենք հեղինակություն, հարգանք ու պատիվ, և դա ձեռք ենք բերել մեր պարկեշտ աշխատանքով, պրոֆեսիոնալիզմով։ Մարդիկ գիտեն՝ մեր կուսակցությունում պարկեշտ մարդիկ են հավաքված, որոնք ամեն ինչ անելու են երկրի համար, որոնք իրենց անձնական շահերը չեն գերադասում պետականից»,-ասաց Դավիթ Բաբայանը և տեղեկացրեց, որ «Պահպանողական» կուսակցությունն արդեն ունի ավելի քան 700 համակիր, որոնց ձեռք չեն բերել համոզելով կամ գումար բաժանելով։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք այն մասին, որ դեռևս տարեսկզբին Դավիթ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, մեջբերում ենք․
«Մենք ուզում ենք ակտիվ մասնակցություն ունենալ մեր երկրի զարգացման եւ զորացման գործում, պաշտպանել ժողովրդի շահերը՝ նոր գաղափարներ եւ մոտեցումներ կիրառելով պետականաշինության գործընթացում:
Այս համատեքստում պատրաստվում ենք ակտիվ մասնակցություն ունենալ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին: Ժողովրդի քվեն ստանալու եւ Ազգային ժողովում ներկայացված լինելու դեպքում մենք հնարավորություն կունենանք ավելի արդյունավետորեն իրականացնել մեր ծրագրերը՝ ի շահ մեր ժողովրդի եւ հայրենիքի։
Ներքաղաքական կյանքում մենք որեւէ մեկին դեմ չենք եւ որեւէ մեկին չենք համարում թշնամի, ավելին՝ անընդունելի ենք համարում մեր հասարուկության ցանկացած երկպառակտում ու բեւեռացում: Մեր ամենամեծ ներուժը միասնականությունն է»,-մեջբերման ավարտը: