ՀՅ Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի (ՀՅԴ ԳՄ) ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հիմարություն որակեց ՀՅԴ կուսակցության «Նիկոլ Աղբալյան ուսանողական միության» անդամների հայտարարությունը, ըստ որի՝ միության շարքերից ուսանողների մեկուսացման և միությունից հեռացման պատճառ է դարձել այն, որ վարչությունը հրաժարվել է կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույցերին մասնակցելու` Դաշնակցության Գերագույն մարմնի հրահանգը:
Հետաքրքրվեցինք՝ Գերագույն մարմնի կողմից հրահանգ եղե՞լ է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույցերին մասնակցելու համար, ինչպես նշում են ուսանողական միության անդամները, Սաղաթելյանը նկատեց՝ մի քանի երիտասարդներ խեղաթյուրում են իրականությունը․ «Հստակ ուղղորդված գործողություն են իրականացնում կուսակցության դեմ ամեն անգամ ինչ-որ նոր հիմարություն հրապարակելով։ Ուզում են երևալ, աչքի ընկնել, հետևաբար, դրան անդրադառնալու կարիք չունենք»,- ասաց նա։
Հարցին՝ անդամներն ինքնակամ են լքել, թե՞ հեռացվել են միությունից, Սաղաթելյանը նշեց․ «Հակակարգապահական պահվածքի համար մի մասը հեռացվել է, իսկ մյուս մասը՝ արտաքսվել։ Մեզ համար հարցը վաղուց փակվել է, սակայն հիմա իրենք փորձում են են դրսևորվել, ուղղորդվում, օգտագործվում են, իրենք էլ սիրով օգտագործվում են, բայց մեզ համար այդ թեման այլևս փակ է»,- նշեց Սաղաթելյանը։
Ենթադրություններ կա՞ն, թե ո՞ւմ կողմից են՝ ճշտող հարցին ի պատասխան ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ասաց․ «Ինձ հետաքրքիր չէ՝ ում կողմից են ուղղորդվում, բայց որ այդ տեքստերն ինչ-որ մեկը գրում տալիս է իրենց ձեռքը, դա ակնհայտ է։ Հասկանալի է, որ ծրագիրն ուզում են մինչև վերջ իրականացնել, այս երիտասարդներին էլ մինչև վերջ օգտագործել կուսակցության դեմ հակաքարոզչություն անելու համար։ Թող մի քիչ էլ նկարվեն, մի շաբաթ էլ օգտագործեն հարցը կփակվի»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ ՀՅԴ կուսակցության «Նիկոլ Աղբալյան ուսանողական միության» անդամների կեսից ավելին ինքնակամ լքել է միության շարքերը:
Նշենք, նաև, որ նոյեմբերի 7-ին մեկնարկել էր ԿԳՄՍ նախարարության դիմաց Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով որոշ բուհերի ուսանողների և ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչների նստացույցը: