Երևանի ավագանու նիստում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի սկանդալային հայտարարությունից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում քննարկում են նրա գործունեությունը դադարեցնելու հարցը։ Հիշեցնենք, Խաժակյանը պահանջում է, որ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ու Հայկ Մարությանը պատասխանատվության ենթարկվեն' պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Խաժակյանը նաև պատրաստակամություն էր հայտնել աջակցել քննությանը և մատնանշել բազմաթիվ այլ հանգամանքներ։
Խաժակյանի երեկվա քննադատությանը և դատախազություն դիմելու սպառնալիքին այսօր արձագանքել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նախ ֆեյսբուքյան իր էջում, այնուհետև շտապ կարգով հրավիրված ասուլիսի ընթացքում՝ հայտարարելով, որ ցանկանում են հետ կանչել Խաժակյանին: «Մենք պետք է քննարկենք, թե ինչ պետք է արվի այն պարագայում, երբ տեսնում ենք, որ պատասխանատվություն ենք կրում մի բանի համար, որը մեր կուսակցության օրակարգում ներառված չէ, և կուսակցությունը չունի ազդեցություն այդ վարքագծի համար»- ասել է Մարուքյանը:
Իհարկե, առավել քան զավեշտալի է, որ ընդդիմադիր կուսակցությանը սկսել է խանգարել իր իսկ թիմակիցը, ով թերևս միակն էր Երևանի ավագանիում, ով հասցեական և հիմնավորված մեղադրանքներ էր հնչեցնում Հայկ Մարությանի հասցեին: Եթե թվարկենք բոլոր սկանդալային պատմությունները, որոնց մեջ հասցրել է հայտնվել քաղաքապետը, ապա պետք է փաստենք, որ այդ բոլոր խնդիրների վերհանման մեջ իր լուման ուներ Խաժակյանը: Թերևս նա խանգարում էր ոչ թե Մարուքյանին, այլ՝ իշխանություններին, որոնք Խաժակյանի գործունեության արդյունքում պարբերաբար հայտնվում էին մեղմ ասած անհարմար դրության մեջ: Հետևաբար հասկանալի է, որ երեկվա միջադեպից հետո Մարուքյանին դեղին քարտ է ցույց տրվել և վերջինիս ոչինչ չէր մնում անել, քան զոհաբերել Խաժակյանին: