Երեկ ՀՀ ոստիկանությունը տեսանյութ էր տարածել, համաձայն որի՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հանդիպում են 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց և ականատես վկաների հետ ու նրանց փորձում են կաշառել, որպեսզի վերջիններս հրաժարվեն իրենց ցուցմունքներից։ Թեմայի շուրրջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանի հետ:
«Շատ տարօրինակ կերպով ամեն անգամ, երբ դատարանը կարևոր որոշում ունի հրապարակելու Ռոբերտ Քոչարյանի գործով, ինչ որ սենսացիոն տեսանյութեր են հրապարակվում: Ընդ որում, այդ տեսանյութը, մեր ընկալմամբ, նկարհանվել է նախկինում և հիմա է հրապարակվում: Ստացվում է, որ ոչ թե հանցավորության դեմ են ուզում պայքարել, այլ՝ սենսացիա են ապահովում պարոն Քոչարյանի գործից առաջ»,- նշեց փաստաբանը:
Նրա խոսքով՝ տեսանյութն ինքն իրենով անհամապատասխանություններ ունի. «Եթե այդ մարդիկ ապօրինի գործողություններ են իրականացրել, ապա պետք է պատասխանատվություն կրեն: Քննությունը պետք է պարզի սա բեմադրություն է, թե իրականություն, կամ ինչպես է եղել»:
Օրբելյանը նշեց, որ սա հերթական փորձն է դատարանների նկատմամբ կարևոր որոշումից առաջ ճնշում գործադրելու՝ անուղղակի կամ ուղղակի կերպով. «Այս մոտեցումն ուղղակիորեն հակասում է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային»,-ընդգծեց փաստաբանը:
«Փաստաբանական թիմը որևէ կապ չունի պրոցեսի հետ, ոչ էլ ինֆորմացիա ունի: Եթե կատարվել է խախտում, որը դեռ քննությունը պետք է պարզի, ուրեմն մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության»,- ասաց նա:
Օրբելյանը հատուկ նշեց, որ քննվող գործը կապ չունի մարմնական վնասվածք ստացած մարդկանց հետ: Հետևաբար, նրանց ցուցմունքները որևէ էական նշանակություն չունեն այդ գործի շրջանակներում. «Մենք սա դիտարկում ենք կարևոր որոշումից առաջ հանրային տպավորություներ ստեղծելու և դատարանի վրա ճնշում գործադրելու համատեքստում»: