Ռուսաստանից գնված Սու–30 ՍՄ բազմաթիրախային կործանիչների առաջին խմբաքանակն այսօր ժամանել է Հայաստան։ Գյումրու «Շիրակ» ավիաբազայում ռազմական ինքնաթիռների առաջին թռիչքին հետևել է փարչապետ Փաշինյանը: Նա նշել է, որ Սու–30 ՍՄ ինքնաթիռներն առանցքային նշանակություն ունեն ՀՀ–ի, մեր ժողովրդի անվտանգության ապահովման գործում:
Բազմաթիրախային կործանիչների կարևորության և կիրառելիության մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի հետ:
«Սու-30 ՍՄ բազմաթիրախային կործանիչները բազմաֆունկցիոնալ են, այսինքն՝ ստեղծված են օդային, վերգետնյա, վերջրյա թիրախներ խոցելու համար: Բավականին լավ կործանիչներ են: Այս տարածաշրջանում այդ կործանիչները լավագույներից են: Ուզում եմ ընդգծել, որ մեր տարածաշրջանում միայն Թուրքիայի Հանրապետությունն ունի կործանիչներ, որոնք հզորությամբ հավասար են Սու-30 ՍՄ-ին»,- ասաց նա:
Համբարձումյանի խոսքով՝ կան մի քանի կարևոր նյուանսներ. «Այդ կործանիչները հայկական զինված ուժերը երբեք չի օգտագործել: Մեզ համար ամբողջովին նոր զինատեսակ է և հայկական կողմը հենց սկզբից պետք է յուրացնի: Լուրջ աշխատանք պետք է անել՝ օդաչու պատրաստելուց մինչև ավիատեխնիկներ: Նախկինում մենք օգտագործել ենք գրոհային ինքնաթիռներ»:
Նա ընդգծեց, որ կործանիչները լավ ձեռքբերում են՝ խախտված բալանսը լրացնելու համար, քանի որ ադրբեջանական բանակը ամբողջ տարվա ընթացքում լուրջ զինատեսակներով է համալրվել:
«Կարող եմ ասել, որ լուրջ ձեռքբերում է և կարևոր քայլ՝ Հայաստանի անվտանգության համար: Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, թե որ տարածաշրջանում ենք ապրում: Մեզ պետք են զինատեսակներ, որոնք անմիջապես կկիրառենք: Պատերազմն ամեն վարկյան կարող է սկսվել»,-ընդգծեց նա:
Համբարձումյանը շեշտեց, որ, ամեն դեպքում, մեզ համար պատմական ձեռքբերում է, քանի որ առաջին անգամ հայկական ավիացիան ստացավ բազմաֆուկցիոնալ կործանիչներ: