2020թ–ի հունվարի 1-ից ԵԱՏՄ շրջանակում մաքսատուրքերի բարձրացման հետևանքով Հայաստանում ապրանքների ընդհանուր թանկացումը կկազմի 0.5 տոկոս։ Դադարեցվում են որոշ ապրանքների ներկրման համար Հայաստանին տրամադրված արտոնյալ ժամկետները, և ուժի մեջ են մտնելու ԵԱՏՄ–ում սահմանված նոր մաքսատուրքերը։
2015 թ․-ին, երբ Հայաստանը անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, Միության անդամ հանդիսացող երկրներում շուրջ 780 ապրանքների մաքսային դրույքաչափերը էապես բարձր էին Հայաստանում գործող դրույքաչափերից։ Հայաստանին անցումային ժամանակահատված տրվեց հինգ տարի՝ ԵԱՏՄ-ի ներսում գործող մաքսային դրույքաչափերին հասնելու համար: Սա վերաբերվում էր նաև ավտոմեքենաներին։
Մինչ այսօր Հայաստանում թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման համար սահմանին վճարվում է 0-ից 20 տոկոս բնապահպանական վճար, 20 տոկոս Ավելացված արժեքի հարկ և 10 տոկոս մաքսատուրք: Այսօրվանից սկսած մնացած վճարները մնում են նույնը, սակայն մաքսատուրքը բազմապատկվում է ըստ մեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի և ըստ թողարկման տարեթվի:
Զրոյական դրույքաչափ կկիրառվի միայն ԵԱՏՄ անդամ պետություններից մեքենաների ներմուծման դեպքում:
Օրինակ՝ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ երբ իրավաբանական անձը ներմուծում է 7800 եվրո մաքսային արժեքով, 2500 խորանարդ սանտիմետր աշխատանքային ծավալով շարժիչ և 6 տարի թողարկման պահ ունեցող ավտոմեքենա: Տվյալ դեպքում սահմանված է մաքսատուրք' մաքսային արժեքից 20%, բայց ոչ պակաս, քան 0,44 եվրո շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի համար (բանաձև 1. 7800€ x 20%=1560 եվրո, բանաձև 2. 2500 սմ3 x 0,44€=1100 եվրո): Այսինքն' հաշվարկը կկատարվի հետևյալ բանաձևով. 7800€ x 20%=1560 եվրո: Հետևաբար մաքսատուրքը կկազմի 1560 եվրո, քանի որ արժեքային դրույքաչափով հաշվարկված գումարն ավելի բարձր է, քան շարժիչի աշխատանքային ծավալի համար սահմանված դրույքաչափով հաշվարկված գումարը:
Ավելացված արժեքի հարկը կկազմի 1872 եվրո' մաքսային արժեքի և մաքսատուրքի գումարի 20%-ը հաշվարկելու արդյունքում ((7800€+1560€) x 20%=1872 եվրո): Իսկ ԱԱՀ-ն և մաքսատուրքը միասին կձևավորեն 3432 եվրոյին համարժեք դրամ մաքսային վճարը (1560€+1872€=3432 եվրո): Չմոռանաք գումարել նաև բնապահպանական հարկը, որը 6 տարեկան ավտոմեքենայի դեպքում 2% է (7800x2%=156 եվրո): Այսպիսով' իրավաբանական անձը մաքսազերծման համար կվճարի ընդհանուր 3588 եվրոյին համարժեք դրամ (3432€+156€= 3588 եվրոյին համարժեք ՀՀ դրամ):
7 տարուց բարձր թողարկման պահ ունեցող ավտոմեքենաների դեպքում մաքսատուրքը որոշվում է շարժիչի աշխատանքային ծավալի և սահմանված դրույքաչափի արտադրյալով: Օրինակ' 7800 եվրո մաքսային արժեքով, 2500 խորանարդ սանտիմետր շարժիչի աշխատանքային ծավալով և 8 տարի թողարկման պահ ունեցող ավտոմեքենայի պարագայում շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի համար սահմանված է 2,2 եվրո: Հետևաբար, մաքսատուրքը կկազմի 5500 եվրո (2500սմ3 x 2,2€=5500 եվրո): Ավելացված արժեքի հարկը կհաշվարկվի արդեն հայտնի բանաձևով ((7800€+5500€)x20%=2660 եվրո), և մաքսատուրքի հետ միասին կձևավորվի 8160 եվրոյին համարժեք դրամ մաքսային վճար (5500€+2660€=8160 եվրո): Այս ամենին կավելանա 2% բնապահպանական հարկը (7800€x2%=156 եվրո): Արդյունքում' իրավաբանական անձը ընդհանուր մաքսազերծման համար կվճարի 8316 եվրոյին համարժեք դրամ (8160€+156€= 8316 եվրոյին համարժեք ՀՀ դրամ):
Համեմատության համար նաև նշենք, որ ամենաշատը թանկանալու են 5 տարուց ավելի հին մեքենաները: Օրինակ 500 հազար դրամ մաքսային արժեքով 6 տարվա մեքենայի համար ,եթե մինչև 2020 թվականի հունվարի 1-ը վճարվում էր մոտ 200 հազար դրամ, ապա այժմ այդ գումարը կկազմի 600 հազար դրամ:
Սակայն, բացի մեքենաների մաքսատուրքից, 2020թ–ի հունվարի 1-ից դադարեցվում են մասնավորապես հացահատիկի, մսի, ձվի, դեղորայքի, ներկրման համար Հայաստանին տրամադրված արտոնյալ ժամկետները: Այդ ապրանքները ևս կթանկանան:
Նշենք նաև, որ մինչ այս, վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով, 2019թ. հոկտեմբերին Հայաստանում ապրանքների ու ծառայությունների գները սեպտեմբերի համեմատ բարձրացել են 0.6 տոկոսով։
Հունվարի մեկից, մաքսատուրքի փոփոխությամբ պայմանավորված կթանկանա 699 անուն ապրանք, այդ թվում նաև առաջին անհրաժեշտության ապրանքները՝ հացը, կաթնամթերքը, միսը, մի խոսքով՝ երրորդ երկրներից ներկրվող ապրանքները: Օրինակ՝ ընտանի կենդանիների մսի մաքսատուրքերը 2020թ-ին կաճեն կաճեն 25%-ով, իսկ հետագայում՝ 80 տոկոսով։
Այս հարցով Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ԱԺ-ում հայտարարեց, որ մանրամասն հաշվարկ ունեն, ինչը վկայում է, որ 2020 թվականից մաքսատուրքի դրույքաչափերի փոփոխությամբ այդ բոլոր ապրանքների հանրագումարային ազդեցությունը գնաճի վրա չի լինելու 0,5-0,6 տոկոսային կետից ավելի։