Այսօր առավոտյան վարչապետ Փաշինյանը ներկայացել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Այնտեղից հրապարակված լուսանկարը հասարակական լայն շրջանում և սոցիալական ցանցերում բուռն քննարկումների առիթ է դարձել: Որքանով է թույլատրելի Քննչական կոմիտեից սելֆի հրապարակելը և տարածված է արդյոք նման պրակտիկան զարգացած երկրներում, ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Ռուբեն Մելիքյանից:
«Այս հարցը ուղիղ կարգավորված չէ մեր օրենսդրությամբ և տարբեր մեկնաբանություներ կարող են լինել: Ամեն դեպքում, պրակտիկան այն է եղել, որ քննիչը երբեք նման հնարավորություն չի տվել հարցաքննվողներին, անգամ շատ հաճախ պահանջել է անջատել հեռախոսը»,- ասաց նա:
Մելիքյանի խոսքով՝ այս տեսանկյունից կարող ենք խոսել նոր պրակտիկայի ձևավորման մասին. «Այսուհետ շատ դժվար կլինի քննիչներին արգելել քաղաքացիներին իրենց հետ սելֆի անել»:
Նա նաև նշեց, որ քննիչի հետ սելֆի հրապարակելն այնքան էլ նորմալ չէ. «Սա այնքան էլ նորմալ չէ: Սա լուրջ կասկած է ստեղծում, որ այդ քննչական գործողությանը մասնակցելը, գուցե նաև քննչական գործողություն նախաձեռնելը ոչ թե քրեադատավարական նպատակ են հետապնդում, այլ՝ քարոզչական, քաղաքական դիվիդենտներ շահել, հերթական անգամ ցույց տալ, որ առաջին անգամ ինչ-որ բան է մեր երկրում կատարվում: Կարճ ասած՝ ինչ-որ բեմականացում իրականացնել, ինչը ամենևին պատիվ չի բերում որևէ երկրի ղեկավարին»:
Մելիքյանը մեզ հետ զրույցում ընդգծեց նաև, որ վարչապետ Փաշինյանը երկրի առաջին ղեկավարը չէ, ով հարցաքննվել է. «Դեռևս 2000 թվականին հարցաքննվել է երկրորդ նախագահը»:
Նրա խոսքով՝ այս ամենի մեջ որևէ իմաստ չկա, բացի՝ տեղեկատվական դաշտը ինչ-որ արհեստական օրակարգով զբաղեցնելը:
Դիտարկմանը, թե նման պրակտիկայի շարունակումը չի կարող որևէ կերպ ազդել քննիչների անվտանգության վրա, Մելիքյանը պատասխանեց. «Նախաքննական գաղտնիք չի համարվում այն տեղեկատվությունը, թե, որ քննիչն է իրականացնում, որևէ գործ վարույթ: Այդ հանգամանքը չի ընկալվում որպես նախաքննական գաղտնիք»:
Նա նաև ընդգծեց, որ այս հարցերը գրեթե կարգավորված չեն գործող օրենսդրությամբ, շատ ընդհանուր ձևով են կարգավորված և շատ հարցեր ուղղակի պրակտիկան է կանոնակարգում»:
Լուսինե Մարդոյան