Եվրախորհրդարանը հունվարի 15-ին ընդունել է մի բանաձև, որով սատարում է Արևելյան գործընկերության երկրների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և այդ երկրներում ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը: Թեև Արցախի անունը Արևելյան գործընկերության երկրների մեջ առանձնացված չէ, սակայն ակնհայտ է, որ նման բանաձևի ընդունումը ինքնին չի բխում հայկական կողմի շահերից, սակայն ի՞նչ է արել ԵԽ-ում հայկական պատվիրակությունը՝ նման սցենարը կանխելու համար:

Վերջին շրջանում միջազգային կառույցներում ավելանում է պրոադրբեջանական բանաձևերի, հայտարարությունների թիվը և սա առիթ է վերլուծելու՝ որոնք են գործող իշխանությունների ձախողումները, ինչու ոչ՝ նաև հաջողությունները միջազգային հարթակում, հատկապես, Արցախի հարցի շուրջ հայանպաստ դիրքորոշումների ձևավորման և Հայկական հարցի պաշտպանման, առաջ մղման առումով: ԵԽ-ում հայկական պատվիրակությունը, որը ղեկավարում է Ռուբեն Ռուբինյանը, մեկ տարի շարունակ բախվել է ադրբեջանական լոբբինգին և այդ բախումը, մեղմ ասած, մեր օգտին չի եղել; Սա, ինքնին, խոսում է այն մասին, որ մենք ունենք որոշակի խնդիրներ, մասնավորապես, այս ամբիոնից մեր ազգային, պետական շահը պաշտպանելու հարցում: Նույնը պատկերը նաև Եվրանեսթում է, թեև այստեղ հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանին և վերջինիս գործընկերներին հաջողվել է օրակարգից հանել մեկ հակահայկական ձևակերպում: Այս հանգամանքը իշխանությունները «ճոխ փաթեթավորմամբ» ներկայացրել են հանրությանը:

ՄԱԿ-ում Հայաստանյան պատվիրակության ղեկավարությունը փոքր-ինչ ավելի հաջող է գտնվել՝ կասեցնելով հինգ հակահայկական նախաձեռնություն, սակայն մեկ դեպքում տարօրինակ քվեարկությամբ մեր պատվիրակները, այնուամենայնիվ, աչքի են ընկել: Խոսքը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նիստի մասին է, երբ Հայաստանը դեմ չքվեարկեց Վրաստանի հեղինակած բանաձևին, որին նախկինում մշտապես դեմ էր քվեարկում։ Բանաձևը վերաբերում էր Աբխազիայի և Հվ. Օսիայի փախստականների կարգավիճակին: Ընդ որում, եթե դիտարկում ենք հարցը հայ-ադրբեջանական հակամարտության տեսանկյունից, ապա ավելի տրամաբանական կլիներ մեր պատվիրակների դեմ քվեարկությունը, քանի որ փախստականների վերադարձի թեման անչափ նուրբ է և վերջին շրջանում բավական ակտիվ կերպով քննարկվում է մեդիա դաշտում, իսկ նման քվեարկությունը ստեղծում է նախադեպ, բացի այդ ընդգծում է հայկական կողմի մոտեցումները և դիրքորոշումները՝ վերը նշված հարցում: ՄԱԿ-ում տեղի ունեցած այս քվեարկությանը նախորդել էր Նուր Սուլթանում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել էր նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք․ որոշ դիտարկումներով՝ այդ նիստի ընթացքը «նշանավորվեց» Փաշինյանի հանդեպ ցույց տրված ոչ այնքան հարգալից արարողակարգային վերաբերմունքով։ Սակայն արդյո՞ք ԵԱՏՄ գործընկերներին և, մասնավորապես, ռուսական կողմին պատասխանելու ճիշտ տարբերակ էր ընտրվել, դաշնակիցները, կարծես թե, չնկատելու տվեցին այդ քայլը, սակայն մեր պետական շահերին այն վնասեց:

Վերջին «բախումը» հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև տեղի ունեցավ անցած տարվա դեկտեմբերին, և պետք է փաստել, որ, առնվազն, այս դեպքում հայկական պատվիրակությունը կարողացավ «ատամ» ցույց տալ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-7-ը Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի էր ունեցել Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանը, ինչպես նաեւ կառույցի 20-ամյակին նվիրված ժողովը: Հայկական պատվիրակությունը մեկնել է ՀՀ վարչապետի որոշմամբ՝ նստաշրջանին մասնակցելու նպատակով, իսկ գլխավորում էր այն ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: Վերջինս էլ պահանջել է օրակարգից հանել այն կետը, ըստ որի, պատվիրակությունների համար պարտադիր էր համարվում այցելությունը Ադրբեջանի պատվո հուղարկավորության պուրակ: Ի դեպ, նախկինում այդ կետը պարտադիր պայման չէր և պարզ է, որ օրակարգի նման ձևակերպումը, ընդամենը, սադրանք էր հայկական կողմի նկատմամբ: Ի պատիվ մեր պատվիրակությանը՝ այդ սադրանքին նրանք չտրվեցին և կարողացան հասնել նաև նիստի օրակարգից այդ կետի դուրս բերմանը:

Այս ամենով հանդերձ՝ միջազգային ասպարեզում գլխավոր բացթողումն ու ձախողումը կարելի է համարել Արցախի բանակցային գործընթացի ներկա փակուղային վիճակը, Ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների ստվերումը և նոր ու վտանգավոր բաղադրիչ տարրերի՝ բանակցային գործընթացի մեջ հայտնվելը: Բացի այդ, չմոռանանք, որ իշխանությունների խոստումը՝ Արցախը վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ, այդպես էլ «գրվեց սառույցին», իսկ մեր «կիքսերը» միջազգային հարթակներում՝ էլ ավելի քիչ հավանական են դարձնում այդ խոստման իրականացումը:

Վերջին մեկ տարվա գլխավոր ձեռքբերումը, անշուշտ, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում և Սենատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի ընդունումն էր, որը, սակայն, ոչ այնքան Հայաստանի իշխանությունների, որքան Հայ Դատի հանձնախմբի երկար տարիների տքնաջան ու հետևողական աշխատանքի արդյունքն էր:

Իհարկե, իշխանությունների բացթողումները և ձախողումները այս փուլում միջազգային հարթակում ավելի շատ են, քան արձանագրած հաջողությունները, սակայն արդարության համար պետք է նշել, որ, առնվազն, փորձեր արվում են այդ ձախողումները նվազագույնի հասցնելու ուղղությամբ, այլ հարց է ՝ որքանով են այդ փորձերը հաջողում…