«Ի սկզբանե կար տեղեկատվության պակաս, հաշվի առնելով տեղանքը, բայց պաշտպանական բանակի հրամանատարությունը շատ կարճ ժամանակահատվածում արդեն պարզաբանումներ ներկայացրեց: Փառք Աստծու, չունենք զոհ, իհարկե, մեկ զինծառայողը, որն ինքն իր վրա է կրակել, ունի առողջության հետ կապված որոշակի անհամատեղելի վիրավորում, բայց մեր բժիշկներն ամեն ինչ անում են, որ փրկեն: Նրան շուտով կտեղափոխեն Երևան»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյնանը' անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով 2 զինծառայող էր վիրավորվել:
Խոսելով վիրավորված մյուս զինծառայողի մասին՝ նախարարը նշեց, որ նա ունի թեթև վիրավորում:
Տոնոյանն ասաց՝ նախաքննությունից դուրս չի ուզում որոշ բաներ ասել, սակայն ինչ-որ պահի իրավիճակն, ամեն դեպքում, դուրս է եկել հսկողությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:
Վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: