Ամերիկյան Microsoft (Մայքրոսոֆթ») ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն իր բարեգործական ֆիմնադրամից 5 մլն դոլար է հատկացրել Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող պայքարին աջակցություն ցուցաբերելու համար: Այդ մասին հունվարի 27-ին հայտնել է «Չայնա դեյլի» թերթը:
Բիլ եւ Մելինդա Գեյթսերի հիմնադրամը, ըստ հրատարակության տվյալների, այս հարցով ակտիվորեն փոխգործակցում է չինական գործընկերների՝ մասնավոր եւ հասարակական կազմակերպությունների հետ, որոնք մասնակցում են թոքաբորբի վերացմանն ուղղված գործունեությանը: Հատկացված միջոցներն օգտագործվելու են ինչպես վարակվածներին հայտնաբերելու, նրանց նկատմամբ կարանտին սահմանելու եւ բուժման համար, այնպես էլ վիրուսի դեմ պատվաստանյութի արագացված մշակման նպատակով:
«Մենք խորապես անհանգստացած ենք այդ հիվանդության տարածումից եւ անկեղծ հարգանք ենք տածում նրանց նկատմամբ, ովքեր գտնվում են թոքաբորբի դեմ պայքարի առաջին շարքերում»,-հայտարարել է հիմնադրամի չինական բաժանմունքի տնօրեն Լի Ինոն:
Նրա խոսքով՝ բարեգործական կազմակերպությունը նաեւ 5 մլն դոլար կհատկացնի Աֆրիկայի երկրներին աջակցություն ցուցաբերելու համար, որպեսզի նրանք նախազգուշական միջոցներ ձեռնարկեն մայր ցամաքում նոր տիպի թոքաբորբի տարածման ռիսկը նվազեցնելու եւ դրա նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ. հաղորդել է ՏԱՍՍ-ը: