ՀՀ զինված ուժերում զինծառայողների դաշտային համազգեստի կտորը դարձել է որակապես ավելի լավը, զինվորներից ոմանք արդեն կրում են նորը, ոմանց շուտով արդեն կհասնեն որակապես ավելի լավ համազգեստները: Առաջիկայում նախատեսում են նաև դետալային որոշակի փոփոխություններ, մշակվել են ձմեռային դաշտային համազգեստի ավելի թեթև ու պրակտիկ նմուշներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին խոսեց Զինված ուժերի թիկունքի պետ- վարչության պետ գնդապետ Ռոմիկ Մարգարյանը:

«Հիմա մենք դաշտային համազգեստը բարելավել ենք: 65:35 հարաբերակցությամբ կտորի փոխարեն, 50:50 բաղադրությամբ կտոր ենք ձեռք բերել, այսինքն 50 տոկոսը բամբակ է, 50-ը' սինթետիկ: Սա որակի առումով բավականի մեծ բարելավում է: Եվ նմուշներ ենք արտադրել, ամսի 30-ին վերջնական քննարկման կդնենք ու վերջնական կորոշենք, թե որ նմուշն ենք դնում կիրառության մեջ: Կտորն արտաքին տեսքով մնում է նույնը, ուղղակի փոխվում են վրայի որոշ դետալներ: Դաշտային համազգեստից ուսադիրները հանվել էին, կոչումներն ամրացվում էին կրծքավանդակի հատվածում, հիմա մենք վերադարձրինք նորից նույն տեղը, ուսադիրներ պետք է անպայման ունենան»,-ասաց Մարգարյանը:
Նա նշեց' ձմեռային դաշտային համազգեստի բարելավման նպատակով թանկ նյութեր են ձեռք բերել, ավելի թեթև, ավելի պրակտիկ, ավելի տաք նմուշներ են մշակել, վերջնական որոշումը կընդունվի ամսի 30-ին: Գնդապետը նշեց' համազգեստի արտաքին տեսքի փոփոխություններ իրենք կնկատեն, հանրությունը' ոչ:
Զինվորներն արդեն հագնում են որակապես ավելի լավ համազգեստները: Մարգարյանը նշեց' ողջ Զինված ուժերի համազգեստը դեռ չեն փոխել, բայց ընթացքում փոխվում է: Երբ համազգեստի կրելու ժամկետը լրանում է, նրանք ստանում են արդեն փոփոխված տարբերակը:
«Ձմեռային դաշտային համազգեստը ավելի թեթև, ավելի պրակտիկ է դառնում: Եվ կլուծվեն գունաթափվելու, մաշվելու խնդիրները»,-ասաց Մարգարյանն ու նկատեց' թեև այդ խնդիրը ներկայում ևս չկա:
Մարգարյանը նկատեց' երբեմն զինվորների ծնողները չեն ցանկանում, որ իրենց տղաները նեղություն կրեն ու լվանան, արդուկեն համազգեստը, և գնում ու ուղարկում են նորը: Սակայն նրա խոսքով' դրա անհրաժեշտությունն ընդհանրապես չկա: Մարգարյանը վստահեցրեց' շուկայում վաճառվող համազգեստի որակը միանշանակ զիջում է իրենց տրամադրած նույնիսկ նախկին համազգեստի որակին: Իսկ ներկայում կտորի որակի բարելավմամբ խնդիրն առհասարակ վերանում է:
Գնդապես Մարգարյանը հունվարի 28-ի առթիվ բոլորին շնորհավորեց Հայոց բանակի 28-ամյակի կապակցությամբ' ցանկանալով հարատևություն:
Հունվարի 28-ին նշվում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-ամյակը: