Վերջին օրերին բուռն քննարկում է սկսվել այն մասին, թե ով է դատական իշխանության ղեկավարը։ Խոսակցությունները թեժացան, հատկապես, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարության ֆոնին, երբ վերջինս հարցազրույցներից մեկում նշեց, որ մի իշխանության ղեկավարն ինքն է, մյուսինը՝ Փաշինյանը, և իշխանության մյուս ճյուղերն իրավունք չունեն որոշելու՝ ինքը լինի ՍԴ նախագահ, թե ոչ։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն իր հերթին հայտարարեց, որ Թովմասյանը, ընդամենը, ՍԴ նախագահն է, և ոչ իշխանության որևէ ճյուղի ղեկավար, ինչպես ինքն է իրեն «հռչակել»․ «Նա որևէ ճյուղի ներկայացուցիչ չէ։ Թովմասյանը, լինելով ՍԴ նախագահ, և կարել-ձևելով սահմանադրությունը, որով մենք այսօր ապրում ենք, այնքան անգրագետ հայտարարություն է անում, որ նույնիսկ չի հասկանում՝ ՍԴ նախագահը դատական իշխանության ներկայացուցիչը չէ։ Դատական իշխանությունը ներկայացնում է դատական խորհուրդը, և Թովմասյանն անգամ դա չի հասկանում»։
Սրանից հետո սկսեցին հարցի շուրջ իրարամերժ տեսակետներ հնչել․ ոմանք սկսեցին հակադարձել իմքայլական պատգամավորին, սակայն գտնվեցին նաև հակառակ տեսակետներ հայտնողներ։
ԼՈՒՐԵՐ․com-ը կապ հաստատեց իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հետ՝ պարզելու՝ արդյոք շարունակում է պնդել կարծիքը, թե՞ հնարավոր է փոխել է տեսակետը, վերջինս պատասխանեց․ «Թեմայի վերաբերյալ կխոսեմ մի քանի օրից։ Խոսք եմ տալիս ԱԺ-ի ամբիոնից հատուկ անդրադառնալ ցնցումների մեջ ընկած բոլոր մարդկանց ասածներին՝ նրանց հանգիստ կյանք ապահովելու համար»,- ասաց պատգամավորը։
Մեզ հետ զրույցում Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել Թովմասյանի ասածը, սակայն հարցի վերաբերյալ Սահմանադրությունն ունի դրա մեկնաբանությունը․ «Սահմանադրությունը կոնկրետ որևէ մեկին չի դիտում որպես դատական իշխանության ղեկավար մարմին, բայց դատական իշխանության մասին գլխում նշվում է, որ Հայաստանում արդարադատություն իրականացնում է Սահմանադրական դատարանը, դատարանները։ Ասվում է, որ դատական իշխանության անկախությունը, դատավորների անկախությունը ապահովում է Բարձրագույն դատական խորհուրդը, նաև սահմանում է վերջինիս լիազորությունների շրջանակը։ Այս ամենը համադրելով տեսնում ենք՝ դատական իշխանությունը կարգավորելու, դատավորներ նշանակելու, դատավորների թեկնածուներ առաջարկելու, դատավորների լիազորությունները կասեցնելու, դատավորներին մի դատարանից ուրիշ դատարան տեղափոխելու և այլ իրավասություններ դրված են ԲԴԽ-ի վրա։ Իսկ ՍԴ-ի հիմնական գործառույթը սահմանադրական արդարադատության իրականացումն է, օրենքների սահմանադրականության հարցի որոշումը։ Այս տեսանկյունից դատական իշխանության համակարգում ԲԴԽ-ն ավելի շատ լիազորություններ ունի, քան ՍԴ-ն»,- նշեց Բեքմեզյանը։
Նրա խոսքով՝ ԲԴԽ-ում հարցը քննարկվել է զուտ գործընկերային խոսակցության շրջանակում և բոլորի տեսակետը հետևյալն է․ «Գտնում ենք, որ դատական իշխանության իրական ղեկավարը Բարձրագույն դատական իշխանությունն է։ ԲԴԽ-ի գործառույթները վերլուծելիս՝ տեսնում ենք, որ ԲԴԽ-ի վրա դրված է պարտականություն, որով կարող է կազմակերպել, համակարգել դատական իշխանության գործունեությունը, բացառությամբ՝ ՍԴ-ի։ Իսկ ՍԴ-ն որևէ ֆունկցիա, գործառույթ չունի՝ կապված դատական իշխանության կազմակերպման և գործունեության իրականացման հետ»,- նշեց ԲԴԽ անդամը։
Գերմանիայում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող իրավագիտության դոկտոր, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Գոռ Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց՝ յուրաքանչյուր դատավոր միայն ինքն է իր ղեկավարը․ «Քանի դեռ դատավորները սա չեն հասկացել, մոռացեք արդարադատությունը։ Զուտ պրոտոկոլի տեսանկյունից պաշտոնական միջոցառումների ժամանակ իբրև դատական իշխանության ներկայացուցիչ միշտ հանդես է գալիս ՍԴ նախագահը, քանի որ դատարանների մեջ միայն ՍԴ-ն է սահմանադրական մարմին ու նույն հարթության վրա է գտնվում Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի և կառավարության հետ»,- ասաց Հովհաննիսյանը։
Սոնա Հարությունյան