Չինաստանի Գուանչժոու քաղաքից փետրվարի 1-ին Հայաստան ժամանած Գագիկ Բարսեղյանը, որ թոքաբորբ ախտորոշմամբ 3-4 օր է' Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում է, ահազանգում է, որ հրաժարվում են իրեն կորոնավիրուսի տեստ անել' պատճառաբանելով, որ վիրուսի բռնկման օջախի քաղաքից' Ուհանից չի եկել եւ հիվանդությանը բնորոշ լուրջ ախտանիշներ չունի:
«5 ամիս Գուանչժոում ենք եղել, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը հաշվի առնելով՝ կնոջս հետ վերադարձել ենք Հայաստան։ Մինչ գալս վատառողջ էի, ստուգվել եմ այնտեղ, ասացին' վիրուս չա, բայց երբ հասանք Հայաստան, առաջարկեցին բերել մեզ Նորքի հիվանդանոց, մենք հրաժարվեցինք, հաջորդ օրը առավոտյան եկան, ջերմություն չափեցին, ես ջերմություն ունեի, տարան հիվանդանոց, ասեցին' թոքաբորբ ունեմ: Ոչ մի տեղեկություն չունեմ մնացած անալիզների պատասխաններից: Հիմա էլ տեստերը ստացել են, բայց մեզ տեղեկացրին, որ տեստ չեն անցնակցնի, քանի որ Ուհանից չենք»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց նա:
Գագիկ Բարսեղյանի խոսքով' թե՛ ինքը, թե՛ Չինաստանից ժամանած մյուս հայերը մտավախություն ունեն, որ հնարավոր է' ճանապարհին վարակված լինեն կորոնավիրուսով․ «Մեր պես լիքը հայ քաղաքացիներ վախենում են' գաղտնի շրջանում լինեն, չիմանան: Չենք կարողանում շփվել մեր հարազատների հետ, որովհետեւ հնարավոր է չիմանանք, տարածենք, մյուսներին էլ վարակենք: Մի տեսակ չեմ հասկանում մեր նախարարության լոգիկան. ուրիշ երկրներում մարդկանց պահում են կարանտինի մեջ, այստեղ չեն էլ տեստավորում, որ ժխտեն կամ հաստատեն հիվանդության առկայությունը»:
6STOPPED
Գագիկը հայտնեց, որ իր տեղեկությամբ Չինաստանից վերադարձածների մեջ շատերը կան, որ ջերմություն ունեն, բայց տանն են բուժվում: Գագիկը նույնպես, հնարավոր է' վաղվանից տանը շարունակի բուժումը:
«Բուժող բժիշկս եկավ, ասաց' թոքաբորբ չես, դուրս կգրենք: Մինչդեռ հիվանդանոցի բաժնի վարիչը ասել է թոքաբորբ է իր մոտ: Հիմա չեմ հասկանում' ինչու էի երեք օր անտիբիոտիկ ընդունում, կամ, եթե թոքաբորբ եմ, ինչպես են դուրս գրելու: Հատկապես, որ ջերմությունս չի իջել»,- ասաց նա:
Նշենք, որ Հայաստանն այսօր նոր կորոնավիրուսի ախտորոշման տեստեր է ստացել: