«Սահմանադրական փոփոխությունների գործընթացում եղել են կոպիտ խախտումներ: Ցանկացած ժողովրդավարություն, առանց իրավական պետության գոյության, հավասարվում է ամբոխավարության, և դա ժողովուրդների դժբախտությունների սկիզբն է», այսօր ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
««Իմ քայլը»-ի մեր գործընկերները պնդում են, թե ՍԴ-ն ինքն իր լիազորության վերաբերյալ որոշում կայացնել չի կարող: Մի կողմ թողնենք աշխարհի պրակտիկան, որով այո, ՍԴ-ն ինքն իր լիազորությունների մասին որոշում կայացնում է: Բայց, եթե սա է խնդիրը, ապա հանրաքվեի թող դնեին կետ 1 հոդվածը, որով Սահմանադրական դատարանն իրավունք չունի ինքն իր լիազորությունների մասին որոշում կայացնել: Այս գործընթացը նորմալ կընթանար, այնինչ մեր գործընկերները անօրինական ճանապարհն ընտրեցին»: Սիմոնյանն անդրադարձավ բովանդակային խախտումներին:
«Սկսենք նրանից, որ նույն Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացության մեջ ընդգծել էր, որ չի կարելի հակասահմանադրական վիճակ ստեղծել այն պարագայում, երբ մի քանի դատավորներ միանգամից դուրս գան աշխատանքից, իսկ այս նախագծով ուղղակիորեն 7 դատավոր դուրս է գալիս աշխատանքից: Փաստացի մենք չենք ունենում ՍԴ, իսկ դա ևս հակասահմանադրական է և իրական ճգնաժամ»: Պատգամավորի պնդմամբ՝ արդեն կարելի է կանխատեսել, թե ինչ կլինի հանրաքվեից ու ԱՅՈ ճամբարի հաղթանակից հետո: «ՍԴ-ի դատավորները, երբ աշխատանքից կհեռացվեն այս նախագծով, կհասնեն մինչև ՄԻԵԴ և կստանան որոշում, որով կպահանջեն փոխհատուցում: Իսկ դա նշանակում է, որ մեր հարկատուներն իրենց գրպանից պետք է վճարեն այսօրվա իշխանությունների կատարած սխալների համար: Հարգելի՛ իշխանավորներ, ձեր արած քայլերի պատճառով վաղվա սերունդը կրկին մի քանի մլն եվրո տուգանք պետք է վճարի: Ինչը կատարվեց բոլորովին վերջերս, հիմա մեր սերնդի հարկատուները ստիպված են վճարել Քոչարյանի 15 տարի առաջ արած իրավախախտումների համար»: