Այս օրերին մամուլում ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանի պաշտոնից ազատման ֆոնին քննարկվում է նաև նրա կապը Կառավարության՝ Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանի հետ։ Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Կառավարության նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանի բաջանաղն է, և այս տարիներին ՌՈ պետի հետ կապված ինչքան նամակ, որ ուղարկվել է կառավարություն, վարչապետներին չի հասել հենց Ղազարյանի թեթև ձեռքով։ Ավելին, Ալեքսանդր Ղազարյանը այդ նամակները հետ է ուղարկել Արթուր Բաղդասարյանին, որն էլ պատժել է նամակի հեղինակներին։ Դեպք է եղել, որ Նիկոլ Փաշինյանին ՌՈ-ում տիրող բարքերի մասին նամակ գրելու համար հեղինակի վրա շինծու քրեական գործ են հարուցել և ենթարկել հետապնդումների, մինչև նամակի հեղինակը հայտնվել է հոգեբուժարանում:

«Աներս ու զոքանչս աղջիկ ու տղա ունեն, բայց բախտս չի բերել՝ բաջանաղ չունեմ, հետն էլ նարդի խաղացած չկամ»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում կատակեց Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը։ Վերջինիս խոսքով՝ Արթուր Բաղդասարյանի հետ կապը միայն աշխատանքային բնույթի է, բարեկամական կապ չունեն․ «Եթե թեժ գծով ինչ-որ բողոք է եկել, Արթուր Բաղդասարյանին ինֆորմացիա է տրվել դրա մասին, բայց դրանք եզակի դեպքեր են։ Ես իրեն ճանաչել եմ մոտ 7 տարի առաջ, երբ ՊՊԾ գնդի հրամանատարն էր։ Ինչ վերաբերում է նամակներին, ապա չէի ցանկանա մերկապարանոց խոսել, դրանք այս պահին իմ առջև դրված են»,- ասաց Ղազարյանը։

 

Նկատենք, որ մամուլի տեղեկությունները հաստատել էր նաև ՌՈ արդեն նախկին օպերատիվ սպա Արսեն Մինասյանը: Վերջինս պատմել է, թե նամակ է գրել Արթուր Բաղդասարյանի կոռուպցիոն գործունեության մասին, և, ընդամենը, մեկ ամիս անց ՌՈ պետի բաջանաղը կանչել է նրան իր մոտ և պահանջել այլևս նման նամակներ չգրել, ավելին՝ նամակի մասին վարչապետին չեն էլ տեղեկացրել: 

 
 

Անդրադառնալով Արսեն Մինասյանի հայտարարությանը՝ Ղազարյանն ասաց, որ Մինասյանն ինքն է խնդրել իր նամակը որևէ կառույցի չուղարկել․ «Նրա նամակը պաշտոնապես էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ է մուտքագրվել հոկտեմբերի 4-ին, կատարողին է մակագրվել հոկտեմբերի 5-ին, ամսի 6-7-ը եղել են ոչ աշխատանքային օրեր, հետևաբար, իրեն հրավիրել ենք ամսի 8-ին, իր ասածը, թե ամսի 10-ին ենք հրավիրել՝ չի համապատասխանում իրականությանը։ Նա իր նամակի գրեթե ամեն էջում նշել է՝ «խնդրում եմ նամակս չմակագրել որևէ ուժային կառույցի, պարզապես ուզում եմ, որ տեղյակ լինեք՝ ինչ է կատարվում ՌՈ-ում և ինձ անօրինաբար հեռացնում են աշխատանքից»։ Այդիսկ պատճառով իրեն հրավիրեցինք, ասացինք՝ եթե իր գրածին չպետք է ընթացք տանք, իմաստը ո՞րն էր գրելու, բայց քանի որ իր խնդրանքն էր՝ մենք որևէ կառույցի չուղարկեցինք»,- պարզաբանեց Ղազարյանը՝ ընդգծելով, որ վարչապետին պարբերաբար դիմումները զեկուցվում են և նա տեղյակ է լինում, թե ինչ է կատարվում պետական մարմիններում։

 

Թե ինչի հետ են կապված իր անվան շուրջ պտտվող խոսակցությունները, Ղազարյան այսպես մեկնաբանեց․ «Քաղաքացիների դիմումների-բողոքների հետ առնչություն ունենալու դեպքում միշտ էլ քարկոծվելու ես։ Երբ մարդը դիմում է ինչ-որ խնդրով, ենթադրենք բողոքում է որևէ դատական ատյանից, կամ բանկային համակարգում առաջացած խնդիրներից և պատասխանում ես, որ դրանք անկախ կառույցներ են և դրանց գործունեությանը միջամտելը դուրս է մեր իրավասությունից, ստացվում է՝ դու անսիրտ մարդ ես և չես ցանկանում իրենց օգնել։ Դա էլ մեր խաչն է, որը պետք է տանենք»,- նշեց Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը։