Քալիֆորնիայում տեղի ունեցած գողության փորձի տեսագրությունը համացանցի հիթ է դարձել' անհաջողակ գողի պատճառով: Դեպքը տեղի է ունեցել Ռեդդինգ քաղաքում, մարտի 5-ին, սակայն միայն օրերս է տեսագրությունը հայտնել ցանցում:

Տղամարդը' կնոջ հագուստներով գիշերը ժամը 1-ի սահմաններում մոտեցել է Քենթ Փֆրիմերին պատկանող մսի խանութին, ուշադիր հետեւել, ապա գլխին քաշել կանացի զուգագուլպան եւ քարով հարվածել պատուհանին: Հնչած ազդանշանի պատճառով նա ինքն ահաբեկվել եւ փախուստի է դիմել' մի քանի քայլից ամբողջ քաշով ընկնելով գետնին: Խանութի տերը պատմել է, որ տեսագրություն դիտել է մի քանի օր անց, երբ ստուգում էր համակարգը, մինչ այդ նա զարմացած էր, թե ինչու է կոտրված պատուհանի ապակին: Խանութպանը նաեւ նշել է, թե իր 35 տարվա աշխատանքային փորձառության ընթացքում նման զավեշտալի գողության չի հանդիպել:

Ոստիկանությունը հետախուզում է հայտարարել տարաբախտ գողի նկատմամբ: