Ֆեյսբուքյան խմբերից մեկում օգտատերերից մեկն ահազանգել է՝ EcoProd ապրանքանիշից գնված աղացած մսի մեջ տարօրինակ մաս է հայտնաբերել, որն, ըստ քաղաքացու, կենդանու մարմնի մաս է:
«Շատ-շատ տհաճ է, գիտեմ, մեղմ ասած` հակահիգենիկ, բայց ստիպված եմ հրապարակել EcoProd ապրանքանիշից գնված աղացած մսի միջից հայտնաբերած, հավանաբար, կենդանու մարմնի մասեր: Նույն ֆիրմայի հետ կապված սա երկրորդ դեպքն է: Զանգահարել եմ սննդամթերքի անվտանգության տեսչություն. միանգամից արձագանքեցին: Արդեն զբաղվում են էս հարցով:
Նաև խոսել եմ երևի տնօրենի հետ, որովհետև չցանկացավ նշել ինքնությունը: Տարօրինակն այն է, որ ասաց` նման դեպք էլի է եղել անցած տարի ու պարզել են, որ կովի կաշի է, որը լավ չեն քերթել: Դա ասում էր, որպեսզի ինձ հանգստացնի, քանի որ ես ասացի, թե կարծում եմ՝ առնետի մարմնի մաս է: Չգիտեմ` էտ ի՞նչ սփոփանք պետքա լիներ»,- գրել է քաղաքացին:
ԼՈՒՐԵՐ.com-ը ՍԱՏՄ-ից հետաքրքրվեց՝ արդյոք ուսումնասիրություն արվե՞լ է և ի՞նչ է պարզվել։ Մեր հարցին ի պատասխան՝ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանն ասաց, որ իրենք ևս ստացել են ահազանգն ու ընթացք են տվել. «Երբ արդյունքները պատրաստ լինեն կհրապարակենք»,- ասաց նա։