Հանրաքվեի «Այո»-ի բրենդինգի շրջանակում տարբերանշանի մրցույթի առաջին հորիզոնականի համար նախատեսված 3 միլիոն դրամ գումարը կբաշխվի «Երեկոյան Երևան» թերթի 1991 թ․-ի խմբագիր Նիկոլայ Ենգիբարյանի, գծանկարիչներ Ցոլակ Կանթեղ Ղարիբյանի և Նարոյան Ստեփանի իրավահաջորդի միջև, յուրաքանչյուրին՝ 1 միլիոն ՀՀ դրամ։

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «ԱՅՈ»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը։

«Ստեփան Նարոյանը, որը նկարի հեղինակն է, մահացած է: Գումարը կփոխանցվի նրա ժառանգներին: Այժմ աշխատանքներ են տարվում ժառանգներին գտնելու ուղղությամբ»,-ասաց Պապիկյանը:

Պապիկյանի խոսքով՝ քարոզարշավում կօգտագործվի հաղթած տարբերանշանը. «Քննարկումներից հետո եկել ենք այն եզրակացության, որ առաջին տեղը զբաղեցրած լոգոն առաջիկա մեկ ամսում ուղեկցելու է մեզ»։

Պապիկյանի խոսքով՝ անկախ ստեղծված իրավիճակից, ինքը «հաճելիորեն ուրախ է, որ գուցե ենթագիտակցորեն, ճակատագրի բերումով» ընտրել են մի բրենդ, որը 1991 թվականին ՀՀ-ի համար կարեւոր նշանակության մի հոդվածի նկարազարդումն է եղել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սահմանադրական հանրաքվեի լոգոյի համար «Այո»-ի կողմի հայտարարած մրցույթի արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո Ֆեյսբուքում տեղեկություն տարածվեց, որ այդ լոգոն գրագողություն է և մրցույթի պայմաններով 3 միլիոն դրամ շահած «Garoon agency» ընկերությունը կրկնoրինակել է 1991թ. Անկախության հանրաքվեի լոգոն։