ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը մարտի 10-ին ժամանել է կորոնավիրուսի տարածման էպիկենտրոն՝ Չինաստանի Հուբեյի նահանգի վարչական կենտրոն Ուհան քաղաք: Այդ մասին հայտնել են երկրի պետական զանգվածային լրատվամիջոցները:

Ուղեւորության նպատակը, ինչպես հետեւում է հաղորդագրությունից, «համաճարակի հաղթահարման աշխատանքների ստուգումն է Հուբեյում եւ, մասնավորապես, Ուհանում»:

Չինաստանի ղեկավարը մտադիր է հանդիպել «վարակի դեմ պայքարի առաջնագծին աշխատող բժիշկների, չինական բանակի զինծառայողների, հանրային անվտանգության ոլորտի աշխատողների, ստորին շղթային կադրային աշխատողների, կամավորների ու հիվանդների, բնակչության հետ»:

Ինչպես մարտի 10-ին հայտնել է Չինաստանի առողջապահության հարցերի պետական կոմիտեն, անցած 24 ժամվա ընթացքում երկրում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահվան 17 դեպք եւ հայտնաբերվել է 19 նոր հիվանդացած: Մահվան բոլոր դեպքերը բաժին են ընկել Ուհանին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: