Լոռու մարզի Ախթալա քաղաքին հարակից հատվածում  անտառապատ տարածքներն աղտոտված են թափոնաջրերով։ Ահազանգը Facebook-ում հնչեցրել  ու լուսանկարներ է հրապարակել  «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը, որը նշել է, որ  լուսանկարներն արել են Ախթալայի վանքի հարակից ձորում։

«Սա ազգային անվտանգության խնիդիր է` որ տեսանկյունից էլ նայես։ Այս ամբողջ թափոնախառն ջրերը այդպես ձորով, գետակով գնում, խառնվում են Դեբեդ գետին, ու սա փոքր խնդիր չէ։ Ինչպես երևում է` նաև հատուկ փոսեր են ձորում ստեղծված, որպեսզի թափոնները որոշակիորեն նստվածք թողնեն ու նոր գնան, խառնվեն գետին»,–գրել է Դուլգարյանը:

ՀԿ–ի նախագահը հայտնում է, որ Ախթալա համայնքի շրջակա բոլոր ձորերն ու ջրերն աղտոտված են թափոնաջրերով ու թափոնակույտերով։

 

Նա շեշտում է, որ աղտոտված գետի ջրերով ոռոգվում են Ախթալայի և Նոյեմբերյանի տարածաշրջանի այգիներն ու դաշտերը, և որ խնդիրը խորքային լուծումներ է պահանջում։