ԱՄՆ 75 կոնգրեսական նամակ են հղել Արտասահմանյան գործառնությունների և հարակից ծրագրերի պատվիրակությունների ենթահանձնաժողովին՝ պահանջելով աջակցել Հայաստանին և Արցախին 2021 ֆինանսական տարում, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Նամակը, որը գլխավորում է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը՝ Ջեքի Սփիրի և Ադամ Շիֆի հետ միասին, կարևոր դերակատարում է համարում Արցախում ականազերծման աշխատանքները և այդ գործում HALO Trust-ի կատարած կարևոր աշխատանքը՝ խնդրելով՝ 1,5 միլիոն դոլար «ականազերծման ու ականազերծման ռիսկերի կրթության համար»: Բացի այդ, նամակով Հայաստանի համար 100 միլիոն դոլարի խնդրանք է ներկայացվել, որը պետք է ուղղվի երկրի տնտեսությունը, կառավարման համակարգին, օրենքի գերակայության և անվտանգության ապահովմանը։ Ի պատասխան Ադրբեջանի կողմից շարունակվող հրադադարի ռեժիմի խախտման և Հայաստանի և Արցախի դեմ ագրեսիայի՝ օրենսդիրները նաև առաջարկել են կասեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին: