ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում բոլոր քաղաքացիներին կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին պատասխանատվությամբ մոտենալ: «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջի ուղիղ եթերում Փաշինյանը նկատեց, որ անհատական գիտակցության դրսևորման բարձր մակարդակով հնարավոր է զերծ մնալ բազմաթիվ խնդիրներից: «Մենք այսօր քննարկում ունեցանք կորոնավիրուսի կանխարգելման հետ կապված և մի եզրակացության եկանք, որ միակ տարբերակը՝ մարդու, անհատի պատասխանատվության զգացումն է: Ցանկանում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այդ հանգամանքի վրա, քանի որ շատ կարևոր է, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը ամենայն պատասխանատվությամբ վերաբերվի նմանատիպ հարցերին»,- նշեց Փաշինյանը:
Նա անդրադարձ կատարեց մարտի 11-ին նոր տիպի կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացուց մեկին, ով Իտալիայից ժամանած Էջմիածնի քաղաքացի է և վարակել է ևս 2 հոգու:
«Երևան ժամանելու պահին օդանավակայանում բոլոր քաղաքացիներն անցել են համապատասխան ստուգումներ, և ոչինչ չի հայտնաբերվել: Քաղաքացիներից մեկը, որը Էջմիածնի բնակիչ է, գնացել է իր քաղաք, որտեղ ժամանակ առ ժամանակ Առողջապահության նախարարության ներկայացուցիչները մոնիտորինգ են անցկացնում: Շրջայցերից մեկի ժամանակ, նրանք հայտնաբերում են, որ տվյալ անձը ջերմում է: Այդ ժամանակ պարզվել է, որ քաղաքացին, ոչ միայն պետությունից թաքցնում է իր ջերմություն ունենալու փաստը, այլև գնում է իր հարազատներից մեկի նշանադրության արարողությանը: Մինչև նշանադրությունը, քաղաքացուն կաթիլային է միացվել, որպեսզի առողջական վիճակը բարելավվի: Կորոնավիրուսով վարակված լինելով՝ Էջմիածնի բնակիչը ընթացքում շփվում է վարսավիրի հետ, ոսկերչի, ինչպես նաև նշանադրությանը հրավիրված բոլոր անձանց հետ: Այժմ վարակվել են նաև այդ կնոջ ամուսինը, մորաքրոջ տղան, որոնք գտնվում են հսկողության տակ, իսկ նշանադրության մասնակիցները, նաև վարսավիրն ու ոսկերիչը մեկուսացված են», - նշեց ՀՀ վարչապետը և կրկին անգամ հորդորեց ամենայն պատասխանատվությամբ մոտենալ նմանատիպ հարցերին: Նա կոչ արեց նաև հանդիպելիս ձեռքով չբարևել և չհամբուրվել:
Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12 միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխարհում տիրող իրավիճակից ելնելով պանդեմիա է հայտարարել: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 130 հազարի սահմանը: Վիրուսից մահացել է 4948 մարդ:
Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ին, ևս 3 անձ հայտնաբերվել է մարտի 11-ին: Ընդհանուր առմամբ, այս պահին 88 քաղաքացի, որոնք շփվել են կորոնավիրուսով վարակվածների հետ, մեկուսացված է: Մարտի 12-ին հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված ևս երկու անձ, որոնք Էջմիածին քաղաքի բնակիչներ են և եղել են մեկուսացվածների թվում: