Երևանի կոլորիտային շենքերից մեկը՝ «Հայրենիք» կինոթատրոնը, մի քանի ամիս է վաճառքի է հանվել․ տարիներ շարունակ շենքի դռները կողպված էին, միայն երբեմն այն օգտագործվում էր կուսակցությունների կողմից, որպես նախընտրական շտաբ։ Կինոթատրոնի ճակատամասին էլ, անգամ, փակցված է մեծ ցուցանակը՝ վաճառքի մասին։ ԼՈՒՐԵՐ․com-ը կապ հաստատեց պաստառին նշված հեռախոսահամարով, սակայն մեր հեռախոսազանգին պատասխանած անձը չցանկացավ որևէ տեղեկություն տրամադրել շենքի վաճառքի, գումարի չափի և այլնի մասին։
««Հայրենիք» կինոթատրոնը պատմամշակութային շենք չի հանդիսանում։ Բավականին շատ գեղեցիկ շենքեր, գույքեր կան, որոնք վաճառվում են։ Ես ինֆորմացիա չեմ կարող փոխանցել, կխորհրդակցեմ, հետո կպատասխանեմ»,- ասաց նա։
Նշենք, որ Արշակունյաց 38 հասցեում գտնվող եռահարկ շենքի ընդհանուր մակերեսը՝ 1513,7 քմ է, ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ այն աճուրդի է հանվել 358 միլիոն դրամ մեկնարկային գնով։
Շենքի սեփականատերը 20 տարուց ավելի է ինչ Շենգավիթ վարչական շրջանի նախկին թաղապետ Սարգիս Հովհաննիսյանն է, որը հանրությանն առավել հայտնի է «Կադիլակ Սերոժ» մականունով: 1996-ին վերջինիս հետ կնքվել է սեփականաշնորհման պայմանագիր, համաձայն կառավարության որոշման' գույքի գինը կազմել է 165 միլիոն 641 հազար 955 դրամ:
2015 թ․ «Հայրենիք» կինոթատրոնի շենքը գրավադրված է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ ներկայումս սնանկության կարգավիճակ ունեցող «Վանանդ Կաթ» ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց: