Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վերջույթներից զրկված Մահարաշտրա նահանգի Պունա քաղաքի բնակչուհուն տղամարդու ձեռքերի փոխպատվաստում են կատարել: Ինչպես հաղորդում է Asia One պարբերականը, ժամանակի ընթացքում դրանք փոխել են իրենց գույնը և դարձել ավելի քիչ մազոտ:

2016 թվականին 18-ամյա Շրեյա Սիդանագոուդան (Shreya Siddanagowda) ավտոբուսում հայտնվել է ՃՏՊ-ի մեջ և ստացել ձեռքերի վնասվածք: Այն պատճառով, որ բուժօգնությունը ժամանակին չի ցուցաբերվել, ստիպված մինչև արմունկը անդամահատել են երկու վերջույթները:

Մշակութային պատկերացումներով պայմանավորված՝ Հնդկաստանի բնակիչները սովորաբար հրաժարվում են մահացածի ձեռքերը տալ հարազատներին որպես դոնորական նյութ, այդ պատճառով տուժածը ստիպված էր երկար սպասել՝ գտնելու համար փոխպատվաստման համար համապատասխան վերջույթներ: 2017թ. օգոստոսին հիվանդանոցը ստացել է մի խոշոր տղամարդու զույգ ձեռքեր, և Սիդանագոուդայի ընտանիքը համաձայնել է փոխպատվաստում կատարել: 13 ժամ տևած վիրահատության ընթացքում վիրաբույժները նախ միացրել են ոսկորները, այնուհետև մանրակրկիտ կարել ջլերը, արյունատար անոթները և մաշկը: Փոխպատվաստումից հետո Սիդանագոուդան ստիպված է եղել մեկ տարուց ավելի անցնել ֆիզիոթերապիա, որպեսզի վարժվեր նոր ձեռքերին և ձեռք բերեր շարժունություն ու զգայունություն:

Նախկինում ձեռքերը պատկանել են մի բարձրահասակ մարդու՝ խոշոր մատներով, և ունեցել են խիտ մազածածկույթ: Մեկ տարվա ընթացքում, վիրահատության պահից սկսած, վերջույթները դարձել են ավելի բարակ, և մաշկի գույնը փոխվել է՝ դառնալով ավելի բաց: Բժիշկ Սուբրամանիա Իյերը (Subramania Iyer) ենթադրել է, որ մաշկի գույնը կարող է փոխվել մելանախթանիչ հորմոնների պատճառով, որոնք վերահսկվում են ուղեղի կողմից և խթանում են մելանինի արտադրությունը: «Մենք հարց ենք տալիս՝ կարո՞ղ է արդյոք այդ հորմոնի մակարդակն ազդել մաշկի գույնի վրա: Մելանինը բնական գունանյութ է, որը մաշկին, աչքերին և մազերին գույն է տալիս»,- ասել նա:

Բժիշկ Շելա Ագարվալը (Shehla Agarwal)՝ Նյու Դելիի գլխավոր մաշկաբանը, մազածածկույթի նվազեցումը և ձեռքերի գունափոխումը բացատրել է տղամարդու տեստոստերոն հորմոնի բացակայությամբ և այլ հորմոնային փոփոխություններով:

Սիդանագոուդան ուրախ է վերափոխմամբ: Վերջերս նա քոլեջում ձեռքով քննություն է գրել: Բացի դրանից, նա բժիշկ Յերային ձեռքով գրած գրությամբ շնորհավորել է ծննդյան տարեդարձի կապակցությամբ: «Դա իմ լավագույն նվերն էր»,- ընդգծել է վիրաբույժը: