ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ֆինանսական շուկայի վիճակը կայուն է, և այնտեղ խնդիր չի լինելու: Այս մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:
«Մեր ֆինանսական շուկայի վիճակը կայուն է: Ֆինանսական համակարգը շատ ուժեղ ու կայուն է: Մանավանդ, անցած տարվա մեր ցուցանիշներից հետո, երբ մեր միջազգային պահուստները հասցրել ենք աննախադեպ բարձր մակարդակի, Կենտրոնական բանկը մեծ ծավալի արտարժույթ է գնել ու պահեստավորել: Այստեղ մենք խնդիր չենք ունենալու և ամեն ինչ լավ է լինելու»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը:
«Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 52-ի, մեկուսացված է ավելի քան 300 հոգի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել հիվանդանոցից: