08:33
Ալիկ Սարգսյանի փեսան՝ Անձնագրային և վիզաների վարչության պե՞տ

Անձնագրային և վիզաների վարչության պետ, հավանաբար, կնշանակվի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը: ԼՈՒՐԵՐ.com տեղեկություններով՝ ոստիկանության շենքում մտերմիկ զրույցներում հենց Խաչատրյանն է այսպիսի արտահայտություն արել: 

 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Վահե Խաչատրյանն ասաց, որ այդ մասին առաջին անգամ է լսում. «Անկեղծ եմ ասում, նման բան չի եղել, ձեզանից եմ լսում: Ես իմ աշխատանքն եմ կատարում, որևէ տեղեկություն չունեմ այդ մասին»‚− նշեց նա:

Հարցին, թե Անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ ստանալու դեպքում կընդունի՞՝ ի պատասխան Խաչատրյանն ասաց. «Չեմ մտածել այդ ուղղությամբ, ես հիմա աշխատում եմ որպես համայնքային ծառայող»,- ասաց Խաչատրյանը:

 

Երկար տարիներ համակարգում աշխատած Վահե Խաչատրյանը ՀՀԿ-ական, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի փեսան է: 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո այն ժամանակ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Վալերի Օսիպյանը ազատեց նրան պաշտոնից՝ որպես Ալիկ Սարգսյանի հետ կապակցված անձ: Խաչատրյանն էլ տեղափոխվեց քաղաքապետարան և փաստորեն այժմ կրկին վերադառնում է ոստիկանություն:

 
 
 

Ի դեպ, Խաչատրյանը նաև ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի ընկերն է, նկատի ունենալով հատկապես այս հանգամանքը՝ կարելի է ենթադրել, որ նոր պաշտոնի անցնելն ամենևին պատահական չէ։ Նկատենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար նշանակվելուց էլ էին ասում՝ Արման Սարգսյանի «մատն է խառը եղել»:

Նշենք, որ Վահե Խաչատրյանը 2018թ. աշխատել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մաշտոցի անձնագրային բաժանմունքի պետ, իսկ 2018թ. հոկտեմբերից՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարն է:

Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս