2020 թվականի մարտի 22-ին' ժամը 10:45-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերել է իր հորեղբոր դիակը՝ գլխի շրջանում արյան հետքերով: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է մետաղյա աթոռ, որի վրա եղել են արնանման հետքեր ու մազեր:

Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը տուժողի ընկերն է, ով նշված հասցեում ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, բութ առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել տուժողի գլխին՝ սպանելով նրան:

Հանցագործության կատարման համար կասկածվող անձը նույն օրը ձերբակալվել է:

Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա

մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի'

օրինական ուժի մեջ մտած դատավճռով: