Մայրն ու իննամյա աղջնակը շաբաթից ավելի է` մեկուսացված են Ծաղկաձորի Գլխավոր մարզահամալիր հյուրանոցում: Մայրը Շենգավիթի արտադրամասի աշխատակից է, դստերն ու իրենց հետ նույն սենյակում ապրող բարեկամուհուն էլ որպես շփման սերտ շրջանակ են մեկուսացրել:

 

«Սենյակից դուրս գալ չի կարելի, բայց դրա փոխարեն բժիշկներն ու բուժաշխատողները ժամը մեկ գալիս, հարցնում են` ինչի կարիք ունեք, ինչ է հարկավոր»,-ասում է մեկուսացված քաղաքացին:

Երեքանգամյա սննունդից էլ են գոհ, ասում են` երբեք չի պակասում և շատ համով են պատրաստում: Իննամյա աղջնակն էլ, չնայած փակված լինելուն՝ չի հասցնում ձանձրանալ: Պատշգամբից բացվող տեսարանը, դասերն ու հեռախոսն օգնում են:

«Երեխայի համար գրքեր, տետրեր են բերել, մենք էլ օնլայն դասերին ենք հետևում և սովորում, որ հետ չմնանք: Երեկ էլ իմացան, որ աղջկաս ծնունդն է, այսօր արդեն անակնկալ արեցին, շատ ուրախացանք»:

Ընտանիքի հայրը տանը մենակ է մնացել, բայց ասում է` պետք է դիմանալ. անվտանգությունն ու առողջությունը ամենից կարևորն է այս պահին: