Ոսկու շուկան ևս հայտնվել է Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակված այն տնտեսվարողների ցանկում, որոնց գործունեությունը ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ավարտը ժամանակավորապես արգելվել է: Սակայն, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանն ասաց, որ իրենք չեն աշխատում մարտի 14-ից:
«Մինչև պաշտոնական հայտարարության հրապարակելը, մենք նպատակահարմար գտանք կասեցնել շուկայի գործունեությունը, որպեսզի որևէ կերպ նպաստենք իրավիճակի կարգավորմանը: Հայտնի է, որ մեզ մոտ միշտ մարդաշատ է լինում»,-նշեց նա:
Անդրադառնալով աշխատողների վարձավճարներին, այսպես ասած՝ «տեղի գումարին»՝ Աբրահամյանն ասաց. «Ինչ-որ բան պետք է անենք, որպեսզի նրանց օգնենք: Գործի չեն գալիս, բայց նրանց փոսը հո՞ չենք գցի: Պիտի փորձենք փոխզիջումների գնալ: Մենք ձևերը գիտենք: Նրանց հետ երկար տարիներ ենք աշխատում, ոչ մենք ենք դժգոհ, ոչ՝ նրանք»:
Սեփականատերը նաև ընդգծեց, որ պատրաստվում է վճարել ինչպես կոմունալ, այնպես էլ հարակից բոլոր վարձերը: