Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, որոշ գյուղացիներ հրաժարվում են հացի արտադրամասերին ցորեն վաճառել: Նկատենք, որ ցորենը առաջին անհրաժեշտության պարենամթերքներից է, որը ինչպես աճեցնում ենք մեր երկրում, այնպես էլ՝ ներկրում: Ինչ հետևանքներ սա կարող է ունենալ, ինչպես նաև այս իրավիճակում որքանով է հավանական հացի թանկացումը: Այս հարցերի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Աշոտ Հարությունյանի հետ:
«Իրականում, նրանց նման գործողությունը տրամաբանական է, քանի որ գյուղացիները ապագայի մասին են մտածում: Ցորենը առաջին անհրաժեշտության մթերք է, շղթան պարզ է՝ աշնանացորենից ստանում են այլուր, ապա՝ հաց, մակարոնեղեն: Ճանապարհների վիճակն էլ գիտենք, ուստի՝ զգուշանում են: Լավ է, որ գյուղացիները գոնե ցորենն ունեն, հետևաբար, կկարողանան իրենց ինքնաբավության հարցը կարգավորել: Իսկ մյուսների համար՝ քաղաքային բնակչության և բանակի մասին կհոգա պետությունը՝ իր խնայողություններից կամ ներկրումներով»,-ասաց նա:
Հարությունյանի խոսքով, պետությունը պետք է լուրջ միջոցներ կիրառի, որպեսզի աշնանացան ցորենի ցանքերը ավելանան:
Հարցին, թե, այնուամենայնիվ, հնարավոր է հացի գինը թանկանա՝ նա դժվարացավ պատասխանել՝ նշելով. «Ես նմանատիպ տեղեկատվության չեմ տիրապետում: Միայն համապատասխան գերատեսչության ներկայացուցիչները կարող են ասել, թե որքան պաշար ունենք, որքան ժամանակի կբավարարի, որքան են պատրաստվում ներկրել կամ, գուցե արդեն քայլեր են ձեռնարկել և ցորենը ճանապարհին է: Իրականում, սրանք հարցեր են, որոնցով պարետատունը արդեն իսկ պետք է զբաղվեր՝ կիրառելով համապատասխան միջոցներ, ինչպես նաև հնարավորինս օպերատիվ, քանի դեռ ժամանակ ունենք»:
Հարությունյանը նշեց, որ շատ լավ կլիներ, որ կառավարությունը մտածեր նաև եկող տարվա մասին՝ գոնե ցորենի ինքնաբավության մասով, քանի որ ոչ ոք չգիտի, թե այս իրավիճակը որքան կտևի. «Մենք պատերազմող երկիր ենք և գոնե ցորենի ինքնաբավության մակարդակը պետք է բարձր լինի, այսինքն՝ պետք է ունենանք այնքան ցորեն, որ ներկրելու խնդիր չունենանք»: