Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին նախատեսված համապետական ընտրությունները դեռ ուժի մեջ են: Ինչպես հիշում ենք, Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար երկու կազմակերպության կառավարության կողմից դրամական միջոցներ հատկացնելու հարցը երկար ժամանակ քննարկման առարկա էր, սակայն բազմաթիվ հարցեր այդպես էլ պատասխան չստացան:
Պատասխան չստացավ առաջին և կարևոր հարցը. ի՞նչ ստվերային պարտավորությունների արդյունքում էր ՀՀ կառավարությունը ֆինանսավորել Սորոսի ֆոնդի ուղիղ ազդեցության տակ գտնվող ՀԿ-ների դիտորդական առաքելությունն Արցախում։ Մյուս կարևոր հարցը, թերևս, այն է, թե ինչու այս ՀԿ-ներն ընտրվեցին առանց մրցույթի: Եթե Արցախի ԿԸՀ-ն չգրանցեր դիտորդներին, նրանք միևնույնն է կամավոր կհետևեին ընտրություններին, որպեսզի ՀՀ իշխանություններին ձեռնտու գնահատական տան։ Սակայն, առանց գրանցման մուտք գործել և իրականացնել դիտորդական աշխատանք ընտրատեղամասերում հնարավոր չէ։ Փաստացի, երկու ՀԿ-ներն էլ գրանցվել են: Խոսքն «Իրազեկ քաղաքացիների միավորում» եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպությունների մասին է: Մեկ այլ կարևոր հարցն էլ այն է՝ Transparency International-ը որևէ չճանաչված պետությունում արդյո՞ք նման առաքելություն իրականացրել է: Ի՞նչ երաշխիքներ ուներ կառավարությունը, որ այդ ՀԿ-ներն Արցախում չեն իրականացնի հակապետական գործունեություն կամ չեն սատարի թեկնածուներից որևէ մեկին:
Ի դեպ, նման միտումներ արդեն արձանագրվում են: Մասնավորապես, խոսքն Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար և նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանին սորոսականների ցույց տված անթաքույց համակրանքի մասին է: Ընտրություններին հաշված օրեր են մնացել, սակայն այս մտավախությունները հիմնավոր կերպով չեն հերքվել, հարցերին էլ պատասխաններ չեն տրվել: Մինչդեռ ավելի քան ակնհայտ է, թե որն է սորոսականների թիվ մեկ խնդիրն Արցախում: Սորոսի ձեռքերով աշխատող արևմտյան որոշակի շրջանակների խնդիրը Հայաստանում և Արցախում հակառուսական գիծն առաջ տանելն է, որն ավտոմատ նշանակում է՝ Հայաստանի ուղղությամբ Թուրքիայի, իսկ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի առաջխաղացում։