Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ուղիղ եթերում հայտնեց խնամքով թաքցվող կարի արտադրամասի անունը, որտեղ հայտնաբերվել էր կորոնավիրուսով վարակված անձանց որոշ շրջանակը: Պարզվում է՝ այն «Սարտեքս» կարի արտադրամասն է: ««Սարտեքս» կարի արտադրամասում աշխատել են հիմնականում Արարատի մարզի տարբեր գյուղերի բնակիչներ, դրանով էլ պայմանավորված է մարզում վարակակիրների մեծ թիվը»,- նշեց մարզպետը։

 

 

Նկատենք, որ մարտի 28-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական պատահական զանգն էր կատարել տեղեկանալու, թե ինչպես են արտակարգ դրության օրերին ապրում ՀՀ հպարտ քաղաքացիները, նրա զանգին պատասխանած քաղաքացիներից մեկը բացահայտեց, որ Նորագավիթի կարի արտադրամասը պատկանում է Սամվել Ալեքսանյանին, ինչը Փաշինյանը շրջանցեց՝ ըստ էության չհերքելով:

 

 

 

 
 

«Սարտեքս»-ը պատկանում է գործարար Սամել Ալեքսանյանին, իսկ գործադիր տնօրենը՝ Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի որդին էր` լուսահոգի Մխիթար Աղաբեկյանը, ով մարտի 14-ին կյանքից հեռացավ քաղցկեղի պատճառով: 

 

Փաստորեն, կորոնավիրուսի տարածման օբյեկտ հանդիսացող կարի արտադրամասն Ալեքսանյանինն է, որի մասին իր Instagram-ի սթորիում փորձում էր հերքել վերջինիս կինը՝ Շողեր Մկրտչյանը:

 

Ի դեպ, նորաբաց կարի ֆաբրիկայի բացմանը՝ 2019 թ. նոյեմբերին, ներկա է եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 400 աշխատատեղի հնարավորություն ստեղծած  այս կարի ֆաբրիկան արտադրում է իտալական Max Mara, Mocler, Peuterey, Dolce&Gabana, Dainese բրենդների հագուստ, որը ներքին սպառման համար չէ և ամբողջությամբ արտահանվում է եվրոպական շուկա։