Մարտի 29-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ներկրմամբ և արտահանմամբ զբաղվող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ՝ շնորհակալություն հայտնելով այն բանի համար, որ չնայած դժվարություններին՝ նրանք շարունակում են աշխատել: Վարչապետի կողմից հրավիրված գործարարների թվում է եղել նաև «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը: Պարզելու համար, թե ինչ հարցեր են քննարկվել և ինչ պայմանավորվածություններ են ձեռքբերվել գործարարների հետ, ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց «Սպայկա» ընկերության զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանի հետ:

 

Վերջինիս խոսքով՝ քննարկումը վերաբերել է այս շրջանում գործարարների ունեցած խնդիրներին, հիմնականում լոգիստիկ խնդիրների հետ կապված հարցերին. «Վարչապետը նաև տեղեկացրել է, որ Վրաստանի և Ռուսաստանի հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել, ինչը ենթադրում է՝ Վրաստանի տարածքով տարանցիկ երթուղու կամակերպում, այսինքն՝ անկախ իրենց մոտ եղած կարանտինային վիճակից, մեր մեքենաներն ազատ կարող են անցնել, երկրորդը վերաբերում է Լարսի անցակետում հայկական մեքենաների համար առանձին պատուհանով ձևակերպումներ իրականացնելու կարգավորումներին, որպեսզի հայկական մեքենաները խուսափեն կուտակումներից: Առաջիկայում ականատես կլինենք, թե ինչ ձևով է իրականացվելու և ովքեր են լինելու մեխանիզմի կոորդինացման պատասխանատուները Հայաստանում, Վրաստանում և Ռուսաստանում, որպեսզի հարցեր ծագելու դեպքում՝ բեռնափոխադրողներն իմանան ում դիմել»,- նշեց Բաղդասարյանը՝ ավելացնելով, որ այժմ մեր երկրի համար շատ կարևոր է լոգիստիկայի հարցը վերահսկել, որպեսզի արտահանմանն  ու ներկրմանը չխանգարի: 

Նկատենք, որ վերոնշյալ պայմանավորվածությունների մասին վարչապետը հայտնել է 2 օր առաջ, սակայն դրանք ձեռք են բերվել ավելի վաղ, քան Վրաստանում հայտարարված արտակարգ դրությունը, ուստի՝ հնարավոր է Վրաստանը խնդիրներ ստեղծի Ռուսատանից եկող բեռների համար: Մեր դիտարկմանն ի պատասխան՝ Բաղդասարյանն ասաց, որ այդ դեպքում կտուժեն բոլոր բեռնափոխադրողները, որոնք ստիպված են ենթարկվել որոշակի ռեժիմի և հաշվի առնեն բոլոր կարգավորումները. «Ամեն երկիր իրավասու է իր տարածքում անվտանգությունից ելնելով՝ ռեժիմ սահմանել, որին ոչ ոք չի կարող դեմ գնալ: Բայց ես ենթադրում եմ, որ միջազգային բեռնափոխադրումների համար, հատկապես, տարանցիկի առումով՝ հստակ կարգավորումներ կլինեն՝ որքան մեքենա կկարողանան որոշակի ժամերի, որոշակի տարածություն անցնել: Հիմա սպասում ենք այդ կարգավորումներին: Եթե կա պայմանավորված հստակ մեխանիզմ և պատասխանատու, ապա այս ամենը շատ հեշտ կարգավորվող խնդիր է»,- ասաց «Սպայկա» ընկերության զարգացման գծով տնօրենը

Նա նշեց, որ ընկերությունը ճգնաժամային վիճակում է. 2 շաբաթ ապրանքով բեռնված մոտ 100 մեքենա կանգնած է եղել Վրաստանի սահմանին և նոր-նոր հասնում է հասցեատերերին, որի հետևանքով ընկերությունը, մոտավորապես, 2 մլն դոլարի վնաս է կրել

 

Բաղադասարյանն ընդգծեց նաև, որ մինչ օրս վարակի որևէ դեպք չի գրանցվել ընկերության աշխատակիցների շրջանում: Աշխատակիցների մի մասն աշխատում է հեռահար, իսկ մյուս մասը՝ անվտանգության միջոցառումներ իրականացնելով, սոցիալական դիստանցիան ու հիգիենան պահպանելով:

Նշենք, որ նախորդ տարի ՊԵԿ-ը հայտարարել էր, որ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարվել 2 միլիարդ 45 միլիոն դրամ, ինչպես նաև վերջին չորս տարվա ընթացքում պետությանը հասցրել է 7 միլիարդ դրամի վնաս: Թեև գործով նախաքննությունը շարունակվում է, սակայն ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանն ազատ էր արձակվել 1 մլրդ դրամ գրավի դիմաց:

Սոնա Հարությունյան