ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ապրիլ-մայիսին Հայաստանը կկարողանա վերադառնալ իր բնականոն կյանքին, սակայն մինչ այդ, կլինեն որոշ սահմանափակումներ ու խստացումներ:
«Երկու օր անց պարետատունը խստացնելու է անձանց տեղաշարժի նկատմամբ հսկողությունը: Մենք մտցնելու ենք վերահսկողության նոր մեխանիզմներ, որոնք խստագույնս պետք է ավելացնեն տեղաշարժի նկատմամբ հսկողությունը»,-նշեց նա:
Ավինյանին խոսքով, երկու օրից կգործի նոր կարգ, համաձայն որի՝ անգամ աշխատանքի գնացող մարդիկ պետք է ունենան տնտեսվարողի կողմից տրված փաստաթուղթ. «Այնտեղ պետք է նշված լինի, որ տվյալ անձը գնում է աշխատանքի՝ կոնկրետ այսինչ տեղ»:
Ավինյանի համոզմամբ՝ նոր խստացումների արդյունքում՝ կսահմանափակվի ՀՀ-ում անձանց տեղաշարժը և կորոնավիրուսի կանխարգելման պայքարն ավելի արդյունավետ կդառնա, ինչի արդյունքում էլ՝ մոտ մեկ ամիս անց Հայաստանը կվերադառնա իր բնականոն կյանքին:
«Արդեն ապրիլի վերջից և մայիսի սկզբից մենք կարողանալու ենք վերադառնալ մեր բնականոն կյանքին, եթե կարողանանք շփման շղթաների վերականգնման և անձանց մեկուսացման խնդիրներն ամբողջությամբ իրականացնել»,- ասաց Ավինյանը: