Հռոմի բնակիչ երիտասարդ փաստաբանը, որը հիվանդացել է կորոնավիրուսի ծանր ձևով, Die Welt-ին պատմել է հիվանդության անսովոր ընթացքի մասին:
33-ամյա Անդրեա Նապոլին նշել է, որ երբևէ հատուկ առողջական խնդիրներ չի ունեցել, այդ թվում՝ շնչուղիների հետ կապված հիվանդություններ: Տղամարդը կանոնավոր զբաղվել է սպորտով և, ըստ վիճակագրության, ռիսկային խմբում չի եղել:
Սկզբում իտալացին հազ և ջերմություն է ունեցել, իսկ երեք օր անց բժիշկները կորոնավիրուս են ախտորոշել: Նապոլիին տնային կարանտին են նշանակել, բայց հաջորդ օրը նրա վիճակը վատացել է, և տղամարդը թոքաբորբով հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում:
«Ես 33 տարեկան եմ, հիանալի առողջություն ունեմ, բայց մեկուկես օր անց ես հայտնվեցի վերակենդանացման բաժանմունքում»,- ասում է Նապոլին:
Նա 9 օր թթվածնային դիմակ է կրել: Այդ ընթացքում նույն հարկում երեք հիվանդ է մահացել:
«Ես շատ, շատ ցավ տեսա: Դա շատ ծանր էր»,- հիշում է տղամարդը:
Նրա խոսքով, բաժանմունքում անընդհատ բղավոցի և հազի ձայներ էին լսվում:
Մեկ շաբաթ անց Նապոլին տեղափոխվել է սովորական հիվանդասենյակ, այնուհետև տեղավորվել է տեղի հյուրանոցներից մեկում, որտեղ ապաքինվող հիվանդներն էին: Այնուամենայնիվ, նա դեռ դժվարությամբ է շնչում, և նրա արյան մեջ թթվածնի մակարդակը շատ ցածր է:
«Ես շատ շուտ եմ հոգնում: Զուգարանից հասնում եմ մահճակալին և արդեն շնչառությունս սահմանին է: Ինը օր անկողնում անշարժ անցկացնելուց հետո մկաններս ցավում են: Դա հեշտ չէր»,- մեջբերում է Die Welt-ը:
Վերջին տվյալներով Իտալիայում արդեն նոր տիպի կորոնավիրուով վարակի 100 հազար դեպք է գրանցվել: