Հայաստանի տարածքում արտակարգ դրություն հայտարարելուց ի վեր ձևավորվել է Միասնական տեղեկատվական կենտրոնը, որը և պետք է համակարգեր համաճարակի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը: Սակայն, ստացվել է այնպես, որ այդ տեղեկությունը համակարգում են բոլորը՝ մարզպետից մինչև քաղաքապետ և վարչապետ, սակայն Միասնական կենտրոնը բավական պասիվ է: Ի վերջո, գրեթե ամեն օր հանդիպում ենք իրար հակասող տեղեկատվության կամ այնպիսի տեղեկատվության, որը հրապարակվելուց հետո միանգամից հերքվում է:

 

Օրինակ, այսօր հրապարակեց պարետ Տիգրան Ավինյանի՝ Չարենցավանը փակելու որոշումը, որով կիսվեց Կոտայքի մարզպետը: Այնուհետև հայտարարվեց, որ քաղաքը չի փակվում, տեղի է ունեցել տեխնիկական սխալ: Դրանից առաջ հայտարարվել էր, որ պաշտոնական տեղեկությունը հրապարակելու է միայն Պարետատունը, սակայն պարբերաբար ելույթ են ունենում տարատեսակ պաշտոնյաներ, ովքեր, Պարետատնից առաջ ընկնելով, հայտարարություններ են անում և քաղաքացիներն այլևս չեն հասկանում՝ որ կողմի տեղեկատվությանը հետևեն և որտեղից ստանան այդ պաշտոնական տեղեկությունը՝ կառավարության պաշտոնական էջից, ցռողջապահության նախարարությունից, Պարետատնից, վարչապետի ուղիղ եթերներից, մարզպետների կիսված նյութերից, թե Ֆեյքերի ՊՈԱԿ-ից՝ Միասնական տեղեկատվական կենտրոնից: Սա խոսում է ճգնաժամի պայմաններում վերին աստիճանի անփույթ աշխատանքի մասին, որը նման պայմաններում պետք է իսպառ բացառվեր: