Կառավարության մամուլի կենտրոնում այսօր` ապրիլի 2-ին,  տեղի ունեցած մամուլի ասուլիսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն անդրադարձավ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված սոցիալական միջոցառումներին:

 

Թե որքանո՞վ է իրատեսական, որ 26․500 դրամ միանվագ գումարով ծնողը կարող է իր երեխային պահել՝ ԼՈՒՐԵՐ.com-ի հարցին ի պատասխան՝ Բաթոյանն ասաց. «Դա չի տրամադրվում երեխային պահելու համար, բնականաբար, որևէ մեկը չի մտածում, որ դրանով հնարավոր է բոլոր կարիքները հոգալ, այն ուղղված է սոցիալական ճգնաժամային խնդիրները մեղմելուն: Թեև բոլորս լավատես ենք և հույս ունենք, որ այս գործողություններով կմեղմենք գործընթացը, բայց մենք դեռ չգիտենք, թե որքան ժամանակ կշարունակվի այս վիճակը և որքան ժամանակ մարդիկ աջակցության կարիք կունենան: Գիտենք նաև, որ մեր ռեսուրսներն էլ անսպառ չեն, ուստի պետք է հասկանանք ինչ անել՝ ավելի մեծ գումար տրամադրել ավելի քիչ թվով մարդկանց, թե՞ մի փոքր քիչ գումարով, որը նվազագույն զամբյուղն է, բայց ավելի շատ մարդկանց հասնել: Այս երկու ընտրության դեպքում մենք ընտրել ենք վերջին տարբերակը՝ հասնելու ավելի շատ մարդկանց և նրանց, որոնք գրանցված աշխատող չեն և որևէ եկամուտ չունեն»,-նշեց նախարարը:

Անդրադառնալով մեր մյուս հարցին, թե մարտի 12-ից աշխատանքից ազատված քանի՞ քաղաքացի է դիմել սոցիալական աջակցություն ստանալու համար՝ Բաթոյանն ասաց. «Քաղաքացին բոլոր հնարավոր տարբերակներով դիմումներ է գրում տարբեր կառույցների: Նույնիսկ ՊԵԿ-ն է դիմումներ ստանում: Այս պահին տվյալներ չկան, թե որ ծրագրով քանի քաղաքացի է դիմել, կարծում եմ՝ գոնե մեկ շաբաթից կկարողանանք թիվ ասել»,- նշեց Զարուհի Բաթոյանը:

 

Նշենք, որ այսօր կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին: Որոշվեց 26.500-ական դրամ տալ անչափահաս երեխաներին, որոնց ծնողները չունեն գրանցված աշխատանք:

 
 

Սոնա Հարությունյան