Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ, որը չի անցել պատշաճ հանրային քննարկում։ Փոփոխությունները, ինչ խոսք, տարակուսելի են, մասնավորապես՝ շրջակա միջավայրին առնչվող ցանկացած տեղեկատվություն ստանալու մասին հարցումներն այսուհետ կարող են մերժվել, եթե Շրջակա միջավայրի նախարարությունը դրանք համարի շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող։ Թերևս հասկանալի չէ, թե շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող տեղեկատվությունը նախարարության պատկերացմամբ որն է, այն բավականին լայն հասկացություն է, հետևաբար կարող է տալ մանեվրելու լայն դաշտ:

Ստեղծված իրավիճակում շատ է խոսվում այն մասին, որ մոտ ապագայում կրկին օրակարգ է մտնելու Ամուլսարի շահագործման թույլտվության հարցը: Օրինակ, կարո՞ղ է ստեղծվել իրավիճակ, երբ պատկան մարմինները կհրաժարվեն տրամադրել տեղեկություններ Ամուլսարի շուրջ ընթացող պրոցեսների վերաբերյալ՝ հայտարարելով, որ այդ տեղեկատվությունը շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն կարող է ունենալ: Տեսականորեն կարող է, քանի որ հարցականները շատ են, նախագիծն էլ հում է և թերի, հետևաբար՝ արջի ծառայություն է մատուցելու թե՛ հանրությանը, թե՛ կառավարությանը: Ի դեպ, «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունն իր թվիթերյան էջում արդեն հայտարարություն է տարածել բնապահպանական տեղեկատվության սահմանափակումների մասին շատ վատ օրինագծի հաստատման կապակցությամբ։

Կազմակերպությունն ահազանգել է կառավարության կողմից բնապահպանական տեղեկատվությունը սահմանափակող օրենսդրական նախագծի հաստատման առիթով՝ նշելով, որ այն ոտնահարում է իշխանությունների ընդունած հրապարակայնության սկզբունքը։ Ավելին, շրջակա միջավայրի նախարարության առաջարկած օրինագծի էությունը հակասում է բնապահպանական տեղեկատվության մատչելիության վերաբերյալ Օրհուսի կոնվենցիային։

Մենք կարող ենք բախվել մի իրավիճակի, երբ բնապահպանական ոլորտը, որն ի դեպ համարվում է ամենաեկամտաբերը՝ հաշվի առնելով, որ այս ոլորտի հետ անմիջական առնչություն ունեն ՀԷԿ-ի, հանքերի գործունեությունը, կարող է դառնալ գաղտնի: