Ամերիկացի երգչուհի Pink-ը Twitter-ի իր էջում պատմել է, որ իր մոտ կորոնավիրուս են հայտնաբերել։
«Երկու շաբաթ առաջ իմ ու երեք տարեկան որդուս' Ջեյմսոնի մոտ COVID-19-ի ախտանշաններ ի հայտ եկան։ Բարեբախտաբար, մեր բուժող բժիշկը թեստերի հասանելիություն ուներ։ Թեստ անցանք, իմի արդյունքը դրական էր», – գրել է Pink-ը։
Դրանից հետո ընտանիքը երկու շաբաթ տանն է մնացել ու հետևել բժշկի ցուցումներին։
«Մի քանի օր առաջ երկրորդ թեստն անցկացրին, ու, բարեբախտաբար, արդյունքը բացասական էր», – գրել է երգչուհին։
Pink-ը հայտնել է նաև, որ կորոնավիրուսի դեմ պայքարին մեկ միլիոն դոլար է տրամադրել, որը կհատկացվի Ֆիլադելֆիայի ու Լոս Անջելեսի արտակարգ օգնության հիմնադրամներին՝ առաջնագծում ամեն օր կռվող բուժաշխատողներին սատարելու համար։
Երգչուհին շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին, իսկ մարդկանց կոչ է արել տանը մնալ։