Օրերս ռուսական մեդիաշուկայի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Արամ Գաբրելյանովը,  իր ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ անդրադարձել էր Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբում տիրող իրավիճակին: Նա, մասնավորապես, գրել էր, թե ակումբի սեփականատեր, շվեյցարացի գործարար Վարդան Սրմաքեշը կուլիսներում ակտիվորեն պատմել է, որ ակումբը սպանում է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Գաբրելյանովն ընդգծել էր՝ թեև երկար ժամանակ է նա չկա, սակայն ակումբը շարունակում է մահանալ: Նա ուշագրավ էր համարել այն հանգամանքը, որ Սրմաքեշը «Արարատ»-ին վերաբերող առաջարկները չեղարկել է, քանի որ մտավախություն է ունեցել կբացահայտվի, որ հենց Սրմաքեշի կողմից է վաճառվել «Արարատ»-ին դեռ սովետական տարիներից պատկանող հողատարածքը (մոտ 40 հա տարածություն) Երևանի ամենաէլիտար թաղամասում, և այն այլևս ակումբի հաշվեկշռում չի գտնվում: 

 

Այս առիթով ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց զրուցել «Արարատ» ակումբի սեփականատեր, շվեյցարահայ գործարար, «Ֆրանկ Մյուլլեր» (Franc Muller) ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշի հետ, սակայն նա ասաց, որ զառանցանքներին տեղի չի տալիս և հիմա իր միակ գործառույթը հայրենակիցներին օգնելն է:

 

ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Վերջինս նշեց, որ ինքը բազմիցս է հայտարարել, որ «Արարատ»-ի բազան դարձրել են արտադրամաս և այլ միջոցներ օգտագործելով՝ վաճառել. «Բոլոր լրատվամիջոցներով ինձ գող ու ավազակ սարքեցին, իսկ Սրմաքեշի նման անհայրենիք մարդուն սրբացրեցին: Ես 2 տարի է չեմ նախագահում ՀՖՖ-ն, չեն մոռանո՞ւմ ինձ, երևի ես եմ «Արարատ»-ի հողերը, բազան, 90 հեկտար հողը ծախել, հա՞ (Ռ.Հ.՝ եթե չեմ սխալվում 90 հեկտար տարածք էր, որովհետև կողքը ֆերմաներ կար): «Արարատ»-ի բազայում մի հատ նորմալ գործող խաղադաշտ կա, որը ես եմ կառուցել«Արարատ»-ին մահվան տարել ու շարունակում է տանել Սրմաքեշ Վարդանը: Սրանից 7-8 տարի առաջ ինքն ինձ խնդրեց, հանդիպեցինք, բարիշեցինք՝ Բակո Սահակյանի ներկայությամբ, ամեն ինչով աջակցել եմ իրեն, ինքը զանգում շնորհակալություններ էր հայտնում, հիմա արդեն դարձավ, որ ե՞ս եմ քանդել «Արարատ»-ը: Սրմաքեշ Վարդանին թվում է՝ ինքը փող ունի, հարուստ է, ամեն վատ բան կարող է անել ու ծածկել հայրենասիրության քողի տակ: Սրմաքեշն ինչքան մնա ֆուտբոլում, ֆուտբոլն այդքան քարուքանդ է լինելու այսօրվա թույլիկների ղեկավարության ժամանակ»,- ասաց Հայրապետյանը:

 

Ինչ վերաբերում է Գաբրելյանովին, ապա ՀՖՖ նախկին նախագահն ասաց, որ նրա հետ անձամբ շփում չի ունեցել, սակայն ծանոթ է նրա գործունեությանը որպես ֆուտբոլային ֆանատ, ֆուտբոլից որևէ ակնկալիք չունեցող մարդ և թե ինչ է նա մտածում ֆուտբոլի մասին: Իսկ Վարդան Սրմաքեշի հետ անձամբ է շփվել, գիտի նրա վնասակարությունը ֆուտբոլին:  

 
 

Հայրապետյանը պատմեց նաև, թե ինչից է սկսվել իր և Վարդան Սրմաքեշի առճակատումը. «Սրմաքեշն ասում էր՝ թող բոլոր բիզնեսմենները թիմեր չպահեն, պահեն մեկ թիմ՝ ֆինանսավորեն «Արարատ»-ին, որովհետև այն բրենդ է: Եթե ես համաձայնեի դրան, կնշանակեր վերջ տալ հայկական ֆուտբոլին. եթե առաջնությունում չլիներ մրցակցություն, ապա ֆուտբոլը չէր կարող զարգանալ: Այս ամենից հետո թեև սկսեց իմ դեմ բանսարկություններ սարքել, բայց այդքանից հետո էլ հաշտվեցինք: Հենց հեղափոխություն եղավ, ինքը նորից դարձավ էլի էն նույն մարդը և իր բոլոր մեղքերը սկսեց բարդել ինձ վրա»- եզրափակեց Ռուբեն Հայրապետյանը: 

 

Հատկանշական է, որ հատկապես վերջին շրջանում Վարդան Սրմաքեշն իր ֆեյսբուքյան էջում ակտիվ հրապարակումներ է անում իշխանությունների հետ համագործակցությունների վերաբերյալ: Մարտի 16-ին Սրմաքեշը լուսանկար էր հրապարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ կից գրելով. «Հայաստանում կարտադրվեն ոսկու ձուլակտորներ»

 

 

Իսկ ահա ընդամենը ժամեր առաջ լուսանկարներ հրապարկեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: «Գյումրիում նոր ծննդատուն կկառուցվի»,- գրել է Սրմաքեշը։

 

 

 

 

Սոնա Հարությունյան