Հեղափոխությունից հետո նախկին պաշտոնյաների անվան հետ կապվող մի շարք ՍՊԸ-ներում ստուգումներ սկսվեցին: Եղան աղմկահարույց բացահայտումներ, միլիոնների տուգանքներ, պետ.բյուջե վերադարձված վնասի փոխհատուցում, ձերբակալություններ, այնուհետև գրավով ազատ արձակում: Սակայն, ուշագրավ է, որ աղմկոտ սկանդալների կիզակետում հայտնված ՍՊԸ-ների հետ Նոր Հայաստանի պետական մարմինները համագործակցում են մինչ օրս՝ միլիոններ վճարելով գնումների գործընթացում:
Դիցուք, ճանապարհային ոստիկանությունը և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն հունվարի 22-ին համաձայնագիր են ստորագրել, որով 3 մլրդ 272 մլն 200 հազար դրամով ավելացվել է դեռևս 2017թ.-ին կնքված հավատարմագրային կառավարման պայմանագրով նախատեսված գումարի չափը: Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը, որին ներկայացրել է ոստիկանությունը, և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն 2017թ. փետրվարի 15-ին կնքել են գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր: Պետությունը, որպես կառավարման հիմնադիր, ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման տեխնիկական վերահսկողության համար նախատեսված և ոստիկանության հաշվեկշռում գտնվող գույքը՝ արագության չափման տեսախցիկների համակարգեր, մալուխներ, տեսախցիկի, լուսարձակի ամրակներ և այլն, հանձնել է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին՝ հավատարմագրային կառավարման: Համաձայնագրով սահմանված 3 միլիարդ 272 մլն 200 հազար դրամ գումարից 414 մլն 200 հազար դրամը՝ որպես հավատարմագրային կառավարման վարձատրության գումար, իսկ 2 մլրդ 858 մլն դրամը՝ փաստացի ծախսերի հատուցում: Համաձայնագրով նշված է, որ գումարը նախատեսվում է վճարել ճանապարհային ոստիկանության 2020թ.-ի արտաբյուջեից:
«Էլիպս ՋիԷյ» ՍՊԸ-ն, որը նույնպես հեղափոխությունից հետո դարձավ քրեական գործերից մեկի առանցքային դերակատարներից մեկը, 2020 թվականին միլիոնների հասնող պայմանագրեր է կնքել ՀՀ ՊՆ-ի, Արտաշատի քաղաքապետարանի, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ ՏԶՆՆ պետական գույքի կառավարման կոմիտեի, ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, ՀՀ հատուկ քննչական ծառայություն և բազմաթիվ այլ պետական մարմինների հետ:
2018-ին տեղեկություն էր տարածվել, որ Սահմանադրական դատարանը դատավորի երկու համազգեստ է պատվիրել «Շշուկ» ՍՊԸ-ից: Ընդհանուր արժեքը 200.000 դրամ էր, այսինքն՝ յուրաքանչյուրն արժե 100.000 դրամ: Պետական ռեգիստրի տրամադրած տվյալներից պարզվեց, որ ՍՊԸ հիմնադիրը «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ն է: ՀԿ ղեկավարը Առուշան Հակոբյանն է, այն ժամանակ՝ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը: Բացահայտումը արվել էր 2018-ին, սակայն ահա 2019-ին կոռուպցիոն գործարքի մեջ հայտնված ընկերության հետ նոր պայմանագրեր են կնքել մեր մյուս պետական մարմինները: