Սպառողներն ահազանգում են, որ վերջին շրջանում Հայաստանում բազմաթիվ ապրանքներ թանկացել են, երբեմն՝ նաև շատ կտրուկ։ Իրականում այդպես էլ կա։ Սակայն, ինչքան էլ կարող է տարօրինակ հնչել, պաշտոնապես մեր երկրում գնաճ չկա։ Ոչ մեծ չափով, բայց մարտին մի բան էլ գնանկում է արձանագրվել. 12-ամսյա հատվածում այն կազմել է 0,1 տոկոս։ Գնանկումն էլ ավելի մեծ է եղել սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների դեպքում։ Այս խմբի ապրանքները, 1 տարի առաջվա համեմատ, էժանացել են 2,8 տոկոսով։ Էական գնաճ չկա նաև նախորդ ամսվա համեմատ։ Պաշտոնապես մարտին փետրվարի նկատմամբ սպառողական ապրանքների շուկայում գնաճը կազմել է ընդամենը 0,5 տոկոս։ Իսկ ահա Վանաձորում վերջին օրերին ՏՄՊՊՀ-ն, այնուամենայնիվ, գնաճ նկատել էր, այն էլ՝ հացի թանկացման տեսքով, սակայն շատ արագ գտել էր տրամաբանական բացատրությունը՝ ալյուրն է թանկացել: Սակայն, մեզ համոզում էին, որ ցորենի և ալյուրի ներկրմամբ զբաղվող խոշորները գործում են մրցակցային պայմաններում: Մինչդեռ որևէ մեկը չունի փաստացի հիմքեր ենթադրելու, որ երկու շուկաներում երկար տարիներ խոշորագույն եւ գերիշխող տնտեսվարողները՝ «Ալեքս Հոլդինգը» եւ «Մանանա գրեյն» ընկերությունները, այսօր էլ չեն փորձում որոշակիորեն օգտվել առիթից:
 
ՏՄՊՊՀ-ն նոր-նոր սկսում է ուսումնասիրել նաև ցիտրուսայինների շուկայում գրանցված կտրուկ թանկացումները, սակայն այստեղ գերատեսչությունն արդեն իսկ լվացել է ձեռքերը՝ պնդելով, որ իրենք առնչվում են հարցին այնքանով, որքանով որ գրանցվել է չարաշահման դեպք, իսկ քանի որ այդպիսի դեպք չի գրանցվել շուկայի մրցակցային լինելու շնորհիվ, ՏՄՊՊՀ-ն գտնում է, որ այստեղ որևէ անելիք չունի: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ երկար տարիներ նույն շաքարավազի շուկան թղթով եղել է խիստ մրցակցային, սակայն գերիշխող դիրք ուներ ընդամենը մեկ օլիգարխ, ով ի դեպ այսօր էլ է պահպանում իր գերիշխող դիրքը: Կամ գուցե պատկան մարմիններն այլ բացատրություն ունեն, թե ինչ հրաշքով և ինչ օրինական, օբյեկտիվ ճանապարհով կարող էր կոճապղպեղը 3800–ից դառնալ 15000 դրամ:
 
Ինչևէ, սրանք հարցեր են, որոնք դեռևս չունեն պատասխաններ: Արտակարգ դրության չեղարկումից, գազի գնի հավանական թանկացումից  հետո սպասվում է թանկացումների երկրորդ ալիքը. մնում է սպասել և տեսնել, թե այս անգամ ինչով են պատկան մարմինները փորձելու «տակից դուրս գալ» և հիմնավորել խոշորների գերշահույթ ստանալը: Մենաշնորհային շուկաներում իրականում շատ բան չի փոխվել։ Իշխանափոխությունից հետո մուտքը այդ շուկաներ գուցե հեշտացել է, բայց միայն դա շատ քիչ է մասնակիցների ընդլայնման, առավել ևս՝ իրական մրցակցության համար։ Տարիներ շարունակ ձևավորված ենթակառուցվածքները խիստ դժվարացնում են նոր խաղացողների մուտքը։ Իսկ կառավարությունը վերջին մեկուկես-երկու տարում ոչինչ չի արել այդ խնդիրները հաղթահարելու ուղղությամբ։

Բնավ զարմանալի չէ, որ նախկին մենաշնորհները կամ գերիշխող դիրք ունեցողներն այսօր էլ շարունակում են տեր ու տնօրեն լինել բազմաթիվ ապրանքային շուկաներում։ Ու կարևոր չէ, թե ինչ կասի վարչապետը մենաշնորհների լինել-չլինելու մասին: