SARS-CoV-2 նոր կորոնավիրուսը, որը COVID-19 հիվանդություն է առաջացնում, կարող էր չղջիկներից մարդուց փոխանցվել թափառող շների շնորհիվ: Այսպիսի եզրակացություն են կատարել Կանադայում Օտտավայի համալսարանի գիտնականները: Նրանց հոդվածը հրապարակվել է Molecular Biology and Evolution ամսագրում:

Պրոֆեսոր Սյույհուա Սյան և նրա գործընկերները ուսումնասիրել են կորոնավիրուսների 1252 լիաչափ գենոմներ, ներառյալ SARS-CoV-2-ի նախնուն և նրա մերձավոր ազգականին՝ չղջիկի BatCoV RaTG13 կորոնավիրուսը, որը ԴՆԹ-ով 96 տոկոսով համընկնում է SARS-CoV-2-ին:

Գիտնականները կենտրոնացել են կորոնավիրուսի գենոմի հատվածի՝ CpG-ի և կենդանիների իմունային համակարգում ZAP սպիտակուցի ուսումնասիրման վրա, որն օգնում է օրգանիզմը վիրուսներից պաշտպանելուն: Գիտնականը ենթադրել է, որ նոր կորոնավիրուսը էվոլյուցիայի է ենթարկվել՝ շեղվելով ZAP պաշտպանական սպիտակուցից, որը մեր օրգանիզմը վիրուսներից պաշտպանում է գենոմային CpG-ի նվազման հաշվին: Գիտնականները վերլուծել են հազարավոր գենոմներ և պարզել, որ շների աղիները վերարտադրման համար լավագույն տերն են:

«Մեր դիտարկումները թույլ են տվել SARS-CoV-2-ի ծագման և մարդուն փոխանցման նոր հիպոթեզ ձևակերպել: SARS-CoV-2-ի նախնին և նրա մերձավոր ազգականը՝ չղջիկների կորոնավիրուսը վարակել է շների աղիները, ինչը, հնարավոր է, նպաստել է շների մոտ վիրուսի արագ էվոլյուցիային և այն մարդուն փոխանցելուն: Սա վկայում է SARS-CoV-2-ի դեմ պայքարում վայրենացած շների մոտ ատիպիկ կորոնավիրուսների մոնիտորինգի կարևության մասին»,- ասել է պրոֆեսորը Սյան:

Նրա կարծիքով՝ վիրուսը չղջիկներից անցել է շներին, իսկ շներից մարդուն կարող էր անցնել տարբեր ճանապարհներով՝ թոքային հիվանդությամբ վարակված կենդանու հետ ուղղակի շփումից մինչև շան միս ուտելը:

Ուշագրավ է, որ գիտական հանրույթը այս հետազոտությունն ընդունել է մեծ անվստահությամբ և անգամ վրդովմունքով: Մասնագետներից շատերն ընդգծել են, որ չկան SARS-CoV2-ը շներից մարդուն փոխանցելու իրական ապացույցներ: Ավելին՝ կենդանիների մասնակցությամբ վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ վիրուսը նրանց օրգանիզմում անչափ վատ է բազմանում:

Մեծ Բրիտանիայում Քեմբրիջի համալսարանի անասնաբուժության բաժնի ղեկավար, պրոֆեսոր Ջեյմս Վուդը նշել է, որ պրոֆեսոր Սյայի հիպոթեզը հիմնված է կորոնավիրուսների տարբեր տեսակների գենոմի համակարգչային անալիզի վրա, բայց դրա հետ մեկտեղ փաստերով ապացուցված չէ:

«Մենք պե՞տք է արդյոք մտահոգվենք այն մասին, որ կարող ենք կորոնավիրուս ստանալ մեր շներից կամ այն փոխանցել մեր շներին: Այս հարցերից յուրաքանչյուրի պատասխանը ոչ է»,- իր հերթին ասել է Վանդերբիլտի համալսարանի Բժշկական դպրոցի կանխարգելիչ բժշկության և ինֆեկցիոն հիվանդությունների պրոֆեսոր Ուիլյամ Շաֆները:

med.news.am