Քանի դեռ չի հայտնաբերվել պատվաստանյութ, կորոնավիրուսը չի անհետանալու եւ մենք ունենալու ենք վարակված քաղաքացիներ։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 17-ին՝ հեռուստատեսային ուղերձի ժամանակ:
Փաշինյանը նշեց, որ այժմ մեր ռազմավարական խնդիրն է այնպես անել, որ վարակվածների թիվը լինի հնարավորինս քիչ եւ առողջապահական համակարգի համար տանելի։
«Մյուս կողմից՝ մենք չենք կարող անվերջ փակված լինել եւ անվերջ ապրել կարանտինի կամ արտակարգ դրության պայմաններում, հետեւաբար՝ մեր ռազմավարական խնդիրն է ապրել կորոնավիրուսին զուգահեռ՝ ըստ անհրաժեշտության»,- նշեց վարչապետ Փաշինյանը։
Վարչապետն առաջարկեց մի բանաձև, որի կիրառման պարագայում հնարավոր կլինի երաշխավորել քաղաքացիների առողջությունը. «Կորոնավիրուսով չվարակվելու համար անհրաժեշտ է ապահովել երեք պարզագույն կանոն. առաջինը' իրար հետ շփվելիս պահպանել առնվազն 2 մետր սոցիալական հեռավորություն, երկորորդ՝ դեմքին դիպչել միայն ախտահանված ձեռքերով, երրորդ՝ միայն մաքուր սպասքից և ախտահանված վարսավիրական գործիքներից օգտվելն է: Այս պայմանների ապահովման դեպքում գրեթե երաշխավորված կլինենք կորոնավիրուսով չվարակվելուց»,- հայտնեց նա:
Նիկոլ Փաշինյանը նաև ներկայացրեց թե՛ Հայաստանի Հանրապետությունում և թե՛ աշխարհում հիվանդության տարածման թվային տվյալները. «Աշխարհում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 միլիոն 181 հազար 508 դեպք: Կորոնավիրուսից մահացել է 147 հազար 337 մարդ, առողջացել է 552 հազար 264 մարդ: Հայաստանի Հանրապետությունում իրավիճակը հետեւյալն է. ունեցել ենք 1201 հաստատված դեպք, 402 առողջացած, եւ ցավոք սրտի՝ մահվան 19 դեպք: Կորոնավիրուսից մահացած մեր հայրենակիցների միջին տարիքը 73.8 է: Բոլոր մահացած պացիենտներն ունեցել են ուղեկցող ծանր հիվանդություններ. այդ թվում քաղցկեղ, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություններ եւ այսպես շարունակ: Ապրիլի 17-ի դրությամբ մեր հիվանդանոցներում կորոնավիրուսից բուժվում է 780 հոգի, մեկուսացման մեջ են շուրջ 1700 քաղաքացիներ, ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանվել 2647 մարդու համար: Հարկ եմ համարում նշել, որ առաջին օրերից արժանապատիվ պայմաններ են ստեղծված մեկուսացված մեր քաղաքացիների համար: Նրանք ապահովված են հյուրանոցային համարներով, սննդով եւ անհրաժեշտ բժշկական հսկողությամբ: Աշխարհի շատ երկրներում Հայաստանի օրինակը ի ցույց է դրվում, թե ինչպես է պետք վարվել սեփական քաղաքացիների հետ՝ օրհասական եւ ճգնաժամային պահերին»: